Ինչպես արդեն հայտնի է՝ երգիչ Վրեժ Կիրակոսյանն օրեր առաջ հայր է դարձել: Life.panorama.am-ի հետ զրույցում Վրեժը տեղեկացրեց, որ կինն ու նորածին որդին արդեն տանն են եւ իրենց հրաշալի են զգում: Նորաթուխ հայրիկը դեռեւս շարունակում է դժվարանալ զգացողությունները նկարագրել, բայց մի բան հաստատ է՝ նման երջանկություն դեռ ոչ մի անգամ չէր զգացել.
«Սա անհասկանալի զգացողություն է, չէի կարողանում ըմբռնել, թե ո՞նց կարող է մարդուց մարդ ծնվի, ո՞նց կարող է փոքրիկ մարդուկ ծնվի… միակ բանը, որ գիտակցում եմ՝ առաքելությունս կատարված լինելն է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդու առաքելությունն իր շարունակությունը ստեղծելն է, դա ամենաառեղծվածային ու աստվածային երեւույթն է: Ինչպես ասում են երեխաները Աստծո ժառանգներն են համարվում, նրանք ծնվում են, որովեհետւ Աստված դեռ չի հոգնել մարդկանցից: Ես շատ շնորհակալ եմ Աստծուն իմ ընտանիքն այսպես օրհնելու համար, երջանկությունս անհաշվելի, աննկարագրելի ու անսահման է: Միաժամանակ փոքրիկիս ծնունդից հետո ինձ բռնացրի այն մտքին, որ սկսել եմ ուրիշ կերպ մտորել կյանքի մասին. տարիքիցս ելնելով՝ պատասխանատվության մասին չեմ մտածում, փոխարենը ավելի խորապես եմ մտածում, թե ինչու ենք լույս աշխարհ եկել եւ ինչ պետք է անենք»,- պատմեց երգիչը:
Վրեժ Կիրակոսյանը դեռեւս դժավարանում է նաեւ նմանություններ գտնել փոքրիկի ու իր մեջ.
«Ով տեսել է, ասում են, թե ինձ է նման, բայց ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ում է նման որդիս. ամեն դեպքում մայրիկին էլ է նման, մերոնցն էլ, միայն աչքերն եմ պապայիս է նմանեցնում»,- նշեց նա:
Վրեժի առաջնեկը կկրի լուսահոգի պապիկի անունը.
«Ցավոք, հայրս տարիներ առաջ կյանքից հեռացավ ու հիմա տղաս միայն տատիկին կտեսնի: Առաջին հետզոտությունից հետո, երբ իմացանք տղա ենք ունենալու, ես ու կինս որոշեցինք, որ նա կկրի հենց հայրիկիս անունը՝ այդպիսով վառ պահելով նրա հիշատակը: Առաջնեկիս անունը Ցոլակ է»,- նշեց նա ու ավելացրեց.
«Այս պահին կնոջս կողքին են թե մայրս, թե զոքանչս, ի դեպ Արմինեի հայրն աշխատում է արտերկրում ու փաստացի ստացվում է, որ որդիս իր երկու տատիկների հետ ավելի շատ կշփվի»:

Մինչ Վրեժի կնոջ ծննդաբերությունը, երգչի խոսքով նրանք ամեն ինչ գնել են ու սպասել որդու լույս աշխարհ գալուն.
«Բալիկի խնամքի հետ կապված ամեն ինչ նախապես գնել էինք, նաեւ մեր ընկերներից ու տատիկներից ենք շատ նվերներ ստացել. առաջին անգամ մայրս, երբ տեսավ տղայիս օրորոցը, ասաց՝ «Սա արքայազնի մահճակալ է», դե իսկ մենք էլ հիմա վայելում ենք մեր արքայազնի ամեն վայրկյանը»,- նկատեց Վրեժ Կիրակոսյանը:
Ի դեպ՝ ամռան ամիսները նորածին Ցոլակն ու մայրիկը կանցկացնեն տատիկի տանը՝ Ստեփանավանում.
«Մայրս ապրում է Ստեփանավանում ու մենք որոշեցինք, որ ամռան շոգերին ավելի ճիշտ կլինի, որ տղաս ու կինս այնտեղ անցկացնեն, բացի այդ առաջին ամիսներին կնոջս օգնություն է պետք, որն ամենալավը մայրս կարող է իրականացնել: Ընթացքում, իհարկե, ես կայցելեմ նրանց, բայց ոչ երկար ժամանակով, քանի որ այստեղ ինձ մեծ աշխատանք է սպասվում»,- նշեց Վրեժ Կիրակոսյանն ու նկատեց, որ որդու ծնունդից հետո ստեղծագործելու նոր էներգիայով է լցվել.
«Հայր դառնալուց հետո ասես ավելի ակտիվ ցանկանամ գործել, գաղափարներ եմ ունենում, որոնց մասին մինչ այդ խորապես չեմ մտածել, որդուս հետ կարծես ես էլ եմ նորից ծնվել, բայց որքան էլ աշխատանքը կարեւոր է, միեւնույն է, առավել կարեւոր է շատ ժամանակ հատկացնել երեխային, որպեսզի նա սիրո ու ջերմության մեջ մեծանա»:

Իսկ վերջում նորաթուխ հայրիկը զրույցն ավարտեց՝ կիսվելով իր ամենամեծ ցանկությամբ.
«Իմ փոքրիկ զինվորիկն արդեն ծնվել է, բայց ինչպես կինս է ասում՝ թող Աստված մեր երկրին խաղաղություն տա, որ զինվորների անհաժեշտություն էլ չլինի: Ես երազում եմ գոնե 4 երեխա ունենալ, որպեսզի տարիներ հետո մեզ լիարժեք ապրած ընտանիք համարենք»:



