«Հայաստանում մարդիկ չեն ամաչում խաբելուց, ոնց որ մի բաժակ ջուր խմեն». սիրիահայ
ВИДЕОՀալեպից գաղթած սիրիահայ պարոն Սահակը փորձել է Հայաստանում պանրի արտադրություն ձեռնարկել, բայց չի հաջողվել: Երկար պատմություն է, չի ուզում անդրադառնալ, նշում է միայն, որ պանրի գործը ձախողվել է տեղացի հայերի խաբեության հետևանքով:
«Դժբախտաբար Հայաստանում ինձ համար ամենամեծ ցավը, որ զգում եմ հիմա, խաբեությունն է, և մարդիկ չեն ամաչում խաբելուց, ոնց որ մի բաժակ ջուր խմեն: էդ ինձ համար շատ տարօրինակ է. ի՞նչ ըսել է խաբել: Բայց վերջը անդրադարձա, թե էստեղ խաբելը սովորական բան է: Դժբախտաբար: Էդ ես չեմ վայելում հայ ժողովրդին: Անընդհատ խաբվում են մարդիկ, ես էլ խաբվեցա և բավական տուժեցի դրա համար ամեն ինչով»,-ասում է ներգաղթյալ հայը:
Հետաքրքիր է՝ Սիրիայում ավելի բծախնդիր են պանրի թարմության հարցում. «Պանիրը աղաջրի մեջ գցելով՝ քառասուն օր հնացնել մենք չունենք՝ հայերի պես, պանիրը պետք է թարմ լինի: Էստեղ պանիրը աչքերով է, մեզ մոտ պանրագործը դանակ կպահեր իր մոտ, կկիսեր պանիրը և ցույց կուտար, որ մեջը աչք չկա, որ եթե փոքր մի աչք լիներ, չէին վերցնի: Էդ թարմ պանիր չէ, էդ արդեն թթված է»:
Ադրինե Թորոսյան



