«Նոր Հայաստանը» միանում է Ազգային դիմադրության կոմիտե ձեւավորելու գաղափարին
ОБЩЕСТВО«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը ողջունել է ՇԱԳԱՄ-ի՝ Ազգային դիմադրության կոմիտե ձեւավորելու նախաձեռնությունը:
«Նոր Հայաստանը» տարածել է մի հայտարարություն, որում հայտնել է, որ
Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի որոշումը կայացնելիս Ալիեւի ռեժիմի համար էական նշանակություն ունեցավ իր երկրի ներքին պայթյունավտանգ վիճակը, որը, մասնավորապես պայմանավորված էր նավթի գների անկման, մանաթի արժեզրկման, ազգային փոքրամասնությունների խնդիրների եւ կրոնական հակասությունների սրման, ռուս-թուրքական հարաբերությունների վատացման համաժամանակյա գործընթացներով:
«Առաջացած ճաքերը փակելու նպատակով նա մեծ ռիսկի դիմեց՝ փորձելով որոշակի ռազմական հաջողության հասնել, այն ներկայացնել որպես հաղթանակ եւ այդպիսով ամրացնել իր խարխլվող դիրքը երկրի ներսում: Վտանգը իսկապես շատ մեծ էր, որովհետեւ անհաջողության դեպքում նա կարող էր անգամ կորցնել իշխանությունը:
Ադրբեջանը կարողացավ իրականացնել իր պլանը եւ մեզ պատճառելով մարդկային ու տարածքային կորուստներ՝ ամրանալ գրաված դիրքերում»,- գրված է հայտարարության մեջ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդը այն համոզման է, որ հակառակորդի հաջողությանը զգալի չափով նպաստեց եւ այժմ էլ նպաստում է հայկական կողմի վարքը: «Ադրբեջանական ագրեսիայի նախապատրաստման, իրականացման եւ դրան հաջորդած ժամանակահատվածներում Սերժ Սարգսյանի քրեական ռեժիմի վարքագիծը հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ հակառակորդի պլանը հաջողվեց ոչ միայն արտաքին անվտանգության ապահովման ոլորտում հայկական կողմի ցուցաբերած հանցավոր անգործության եւ ապիկարության, այլեւ ուղղակի կամ անուղղակի կերպով Ալիեւի ռեժիմի շահերը սպասարկելու դավադրության պատճառով»,- նշում են նրանք:
Ըստ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների՝ այս մասին են վկայում բոլոր այն փաստերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են Սերժ Սարգսյանը եւ նրա ռեժիմը հանցավոր անգործությամբ կամ դիտավորյալ գործողություններով ձախողում հակառակորդի ագրեսիայի դեմ դիմադրություն կազմակերպելու եւ նրան հակահարված հասցնելու գործը:
«Բավարար տվյալների առկայության պարագայում իբրեւ թե հնարավոր չեղավ գնահատել հակառակորդի աննախադեպ հարձակման ծավալն ու ինտենսիվությունը, այնուհետեւ՝ երբ այդ հարձակումն արդեն տեղի ունեցավ, չկազմակերպվեց պահեստազորի մոբիլիզացիա, առանց հիմնավոր պատճառաբանության կասեցվեց հակագրոհի պատրաստ մեր բանակի առաջխաղացումը, դրանից հետո ամեն ինչ արվեց կորցրած տարածքների մասին տեղեկությունը թաքցնելու համար, իսկ այդ մասին բարձրաձայնող Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ պետության ամբողջ քարոզչամեքենայի ուժերով կազմակերպվեց նրան հրեշացնելու եւ որպես դավաճան պիտակավորելու զանգվածային արշավ եւ, երբ այլեւս հնարավոր չէր թաքցնել կատարվածը, արդեն փորձ արվեց մոռացության մատնել այն հանգամանքը, որ ճշմարտությունը բացահայտել է Ժիրայր Սէֆիլյանը»,- գրված է հայտարարության մեջ::
«Նոր Հայաստանն» այս հայտարարությամբ դատապարտոել է Սերժ Սարգսյանի եւ նրա ռեժիմի հանցավոր ու դավադիր գործելակերպը եւ միացել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությանը՝ Ժիրայր Սէֆիլյանին Ազգային դիմադրության կոմիտե ձեւավորելու համար բանակցելու լիազորություններ տալու որոշմանը: «Նոր Հայաստանը» իր անունից նույնպես լիազորում է նրան այդ կարեւոր նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակով:



