Շվեյցարիա մուտքի վիզայի տրամադրման կարգը կհեշտացվի
ОБЩЕСТВОՎաղը կառավարության նիստի օրակարգ է ներառված նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը: Նախագիծը կառավարությանը կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է փետրվարի 29-ին Էդվարդ Նալբանդյանի կողմից:
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին՝ 180 օր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել որոշակի նպատակներով Շվեյցարիայում գտնվելու համար:
Սա նպատակ ունի դյուրացնելու միջմարդկային շփումները՝ որպես տնտեսական, հումանիտար, մշակութային, գիտական եւ այլ կապերի կայուն զարգացման կարեւոր նախապայման:
Շվեյցարիա մուտքի վիզա ստանալու դյուրացումը վերաբերում է որոշակի դեպքերի:
Եթե Շվեյցարիա այցելողն այդ երկրում բնակվող մերձավոր ազգականներ ունի` ամուսին, երեխաներ, ծնողներ, տատիկներ, պապիկներ, թոռներ, ապա նրանցից գրավոր դիմում ստանալով՝ նրա համար հեշտացվում է մուտքի վիզայի ստացումը:
Շվեյցարիա մուտքի վիզա կստանան դպրոցականները, ուսանողները, հետբուհական կրթություն ստացող անձինք եւ ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական վերապատրաստման նպատակով: Նույնը վերաբերում է բուժման նպատակով ճամփորդող անձանց: Դրա համար անհրաժեշտ է միայն բուժհիմնարկի պաշտոնական փաստաթուղթ, որով հաստատվում է տվյալ հիմնարկում բուժօգնություն ստանալու անհրաժեշտությունը, ուղեկցման անհրաժեշտությունը եւ բուժման վճարումների համար բավարար ֆինանսական միջոցների մասին ապացույցը:
Շվեյցարիա մուտքի վիզայի տրամադրումը կդյուրացվի նաեւ լրագրողների, մարզիկների, միջազգային սեմինարներին, վերապատրաստումներին մասնակցող անձանց, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գիտական, ակադեմիական, մշակութային աշխատանքներին մասնակցողների, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների համար եւ այլն:
Ցանկը բավականին մեծ է:
Վերը նշված որոշ կատեգորիաներին բազմակի մուտքի վիզա տրամադրվում է մինչեւ հինգ տարով: Հայաստանի քաղաքացիների վիզայի դիմումների հետ կապված ձեւակերպումների համար վճարը կկազմի 35 եվրո: Վիզայի դիմումների հետ կապված ձեւակերպումների համար վճարներից կազատվեն թոշակառուները, 12-ից ցածր տարիք ունեցող երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք եւ նրանց ուղեկցող անձինք` ըստ անհրաժեշտության, դպրոցականները, լրագրողները եւ այլն:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



