Նորաձեւ ինտիմ կտրվածքներ
ЛАЙФԺամանակակից նորաձեւությունը թելադրում է ոչ միայն արդիական դիմահարդարման, մազերի կտրվածքի, հագուստի միտումները, այլեւ բիկինի հատվածի դիզայնը: Պահպանողական Հայաստանում այդ մասին բարձրաձայն խոսել ընդունված չէ, սակայն մասնագետ Մարինա Հովասափյանը, ով այդ թեմայով խորհրդատվություն է տրամադրել NEWS.am STYLE-ի թղթակցին, նշեց, որ մեկ շաբաթվա ընթացքում սպասարկում է նվազագույնը 7 հաճախորդի, ընդ որում՝ ոչ միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների: Այո, այո, նրա մոտ հաճախում են նաեւ տղամարդիկ, եւ ոչ միայն օտարեկրացիներ, այլեւ հայեր:
Եվ այսպես, ինտիմ կտրվածքը կամ բիկինի-դիզայնը ներկայում երիտասարդ ոլորտ է վարսահարդարման եւ կոսմետոլոգիական Հայաստանի արվեստում: Սակայն եթե առաջին փորձարկողները բիկինի-դիզայնի հարցում ընտրում էին կատվի գլխի, սրտի, հրեշտակների, թիթեռների ձեւը, ապա այսօր այդ ամբողջ գլամուր-քաղցրավուն թեմատիկան արդեն արդիական չէ: «Այսօր բիկինի-դիզայնի նորաձեւությունը թույլ է տալիս ինտիմ գոտին զարդարել հիերոգլիֆներով, լաբիրինթոսներով եւ այլն: Խորհրդավոր թեմատիկան եւ հիերոգլիֆները զուգընկերոջ մոտ ոչ միայն հետաքրքրություն, այլեւ վառ հրճվանք կառաջացնեն: Արդիական են արտառոց զարդանախշերը, որոնք ապակիների վրա սառնամանիք են ստեղծում, կամ էլ հրե կրքոտ լեզուները»,- պատմում է Մարինան:
«Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա նրանք որովայնի ներքին հատվածի համար որպես զարդարանք հաճախ ընտրում են Playboy-ից ականջներով նապաստակը: Տարածված է նաեւ արծվի պատկերը, Մերսեդեսի նշանը: Մի անգամ ինձ մոտ եկավ մի տղամարդ եւ խնդրեց ինտիմ հատվածում սատանայի դեմք ստեղծել՝ կոտոշներով եւ կարմիր աչքերով: Իհարկե, մենք այդպես էլ ընդհանուր հայտարարի չկարողացանք գալ»,- ծիծաղում է կոսմետոլոգը:
Պարզվում է՝ գոյություն ունի նաեւ մասնագիտական մոտեցում. միայն մասնագետը գիտի մարմնի գծերի եւ ձեւերի համամասնությունը: Այսպես, լայն ազդրեր ունեցողներին խորհուրդ է տրվում ընտրել նեղ գծեր, նուրբ նկարներ: Իսկ բավական նեղ ազդրեր ունեցողները պետք է նախընտրեն խոշոր նկարներով, լայն գծերով ինտիմ կտրվածքներ: Նաեւ պետք է հիշել, որ ցածրահասակ կանայք պետք է ընտրեն «ուղղահայաց» նկարներ, որոնք «կձգեն» կազմվածքը, իսկ բարձրահասակ կանայք կարող են համարձակորեն ընտրել նաեւ հորիզոնական գծեր:
«Հայ կանայք պետք է ավելի քիչ կաշկանդված դառնան եւ ազատվեն բարդույթներից: Ինտիմ կտրվածքը, եւ ոչ թե բիկինիի հատվածի էպիլյացիան, կօգնի այդ հարցում»,- խորհուրդ է տալիս Մարինան:
Այս կերպ, հետեւելով համամասնության կանոններին, քիմիական եւ կենսաբանական նյութերի, երեւականության առկայության դեպքում կարելի է ոչ միայն զարդարել բիկինիի գոտին՝ զուգընկերոջը զարմացնելու համար, այլեւ թաքցնել կազմվածքի թերություններն ու ընդգծել առավելությունները: Իհարկե, նման գեղեցկությունը կարող են գնահատել միայն երկու հոգի. դուք ինքներդ եւ ձեր սեռական զուգընկերը, սակայն ինտիմ կտրվածքը, ամենայն հավանականությամբ, թարմություն եւ բազմազանություն կմտցնի ձեր սեռական կյանքում:



