Բնապահպանության նախարարությունը կրճատելու է 25 ծառայողական ավտոմեքենա
ОБЩЕСТВОՀՀ բնապահպանության նախարարությունը ծախսերի օպտիմալացման շրջանակում կրճատելու է 22-25 ավտոմեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ կրճատվող ավտոմեքենաները շահագործվում էին:
«Ինչ վերաբերում է ընդհանուր ծախսերի կրճատմանն, ապա առաջիկայում դրա հետ կապված նախարարությունը կներկայացնի առաջարկություններ»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներում ստուգումներ են անցակցվում ոչ միայն վարչապետի հանձնարարականից հետո, այլև դրանից առաջ:
«Ընթացքում մենք նման խնդիրներ արդեն առանձնացրել ենք: Մեզ մոտ ընդերքի ոլորտի հետ կապված կիրառվում է մեկ պատուհանի գաղափարը, որի նպատակն է կոռուպցիոն ռիսկերից ձերբազատումը: Մենք այդ գաղափարը կյանքի ենք կոչել մեկ տարի առաջ, որը կլինի շարունակական»,- ասաց նա:
Բյուջեի կատարողականը ներկայացնելիս Արամայիս Գրիգորյանը նշեց, որ 2015 թվականի գնումների գործընթացի շրջանակում իրենց նախարարությունը տնտեսել է 21 միլիոն 600 հազար դրամ բյուջետային միջոցներ:



