Հրամանատարն ու ծառայակիցներն այցելեցին ապրիլյան հերոսամարտերում զոհված մարտական ընկերների շիրիմներին
ОБЩЕСТВОԱպրիլյան հերոսամարտերում թշնամու առաջխաղացումը դիմագրաված Հայոց բանակի N զորամասի գումարտակի հրամանատար Կամսար Հարությունյանն ու գումարտակի մարտիկները Գեղարքունիքի մարզի Արեգունի եւ Փոքր Մասրիկ գյուղերում այցելեցին եւ ծաղիկներ խոնարհեցին իրենց մարտական ընկերներ Հարություն Աբրահամյանի և Վրեժ Սարգսյանի շիրիմներին:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանը, գումարտակի հրամանատարն ու զինվորները ապրիլյան հերոսամարտերի եւ դրանց հաջորդած օրերին, գտնվելով մարտական գործողությունների կամ հերթապահության մեջ, իրենց զոհված ընկերների հուղարկավորությանը չէին կարողացել ներկա գտնվել, մասնակցել սգո ծիսական մյուս արարողություններին: «Օգտվելով իրենց տրված կարճատեւ արձակուրդից՝ գումարտակի հրամանատարն ու մարտիկներն անձամբ այցելեցին իրենց զոհված ընկերների ընտանիքներ, սփոփեցին նրանց, հուշեր պատմեցին Հարությունի ու Վրեժի մարտական սխրանքների մասին, գերեզմաններին ծաղիկների խոնարհումով ու խնկարկումով հարգանքի տուրք մատուցեցին իրենց մարտական ընկերների հիշատակին, երդվեցին միշտ անառիկ պահել հայրենի երկրի սահմանները, իրենց զոհված ընկերների անունն ու գործը: Չափազանց սրտառուչ հանդիպում էր, հայրենասիրական ոգու պոռթկման օր»,-»Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստեց դպրոցի տնօրենը: Մարտական ծառայության վայր մեկնելուց առաջ, ի նշան հայ զինվորի հանդեպ ունեցած ակնածանքի, երախտագիտության ու պարտավորության, Արեգունու համայնքապետարանի աշխատակիցները, դպրոցի մանկավարժները եւ բնակիչները հանգանակած գումարներով սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ են գնել ու հատկացրել գումարտակի մարտիկների կարիքների համար:
Խոսրով Խլղաթյան



