Քաղցկեղի արդյունավետ բուժումը Հայաստանում 10 անգամ ավելի մատչելի է, քան արտերկրում. ուռուցքաբան
ОБЩЕСТВОՀայաստանում 2015 թվականին գրանցվել է կանացի օրգանների քաղցկեղի մոտ 1811 դեպք՝ 1093՝ կրծքագեղձի, 718-ը՝ արգանդի ու հարակից օրգանների, ինչը Հայաստանում բավականին լուրջ թիվ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնում Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը:
Նրա խոսքով ՝ հիվանդության երիտասարդացում նկատվում է ամբողջ աշխարհում, ինչը մեծապես կախված է մի շարք գործոններից:
«Քաղցկեղ հիմնականում նկատվում է քաղաքաբնակների մոտ: Դրա զարգացումը պայմանավորված է հիմնականում սննդի որակով, ծխելու հանգամանքով եւ այլ գործոններով: Այնուամենայնիվ, երիտասարդ տարիքում աղջիկների մոտ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է հազվադեպ՝ հաշվի առնելով այն, որ մեծ դեր է խաղում ժառանգականության գործոնը»,- նշեց նա:
Անդրադառնալով քաղցկեղի դեմ պայքարի գործընթացին՝ բժշկական հաստատության ուռուցքաբան-քիմիոթերապեւտը առանձնացրեց թիմային աշխատանքի գործոնը:
«Այսօրվա ուռուցքաբանությունը հասել է այնպիսի մակարդակի, որ չարորակ ուռուցք ունեցող ցանկացած հիվանդին անհրաժեշտ է համակարգային բուժում, քանի որ մի բժիշկը երբեք չի կարողանա լիարժեք բուժել հիվանդին. քաղցկեղը մեկ օրգանի հիվանդություն չէ, եւ հիվանդության ախտորոշման հենց առաջին օրվանից բուժման պլանավորման, բուժման, վերահսկողության ապահովման համար պարտադիր է ձեւավորել բժշկական թիմ մի շարք մասնագետներով: Հիվանդը չպետք է փնտրի, գտնի վիրաբույժ, վիրահատությունից հետո մեկ այլ տեղում՝ քիմիոթերապեւտ: Դա բարդացնում է հիվանդի ճանապարհը, բերում է ժամանակի կորստի»:
Մասնագետները նաեւ մտահոգություն հայտնեցին այն առնչությամբ, որ Հայաստանում նկատվում է բուժումն արտասահմանում կազմակերպելու տենդենց այն դեպքում, երբ այստեղ բժշկության արդյունքները չեն զիջում միջազգային ստանդարտներին:
«Վերջին երեք տարվա ընթացքում կրծագեղձի, ձվարանի քաղցկեղ ունեցող հիվանդների 90 %-ը այժմ բացարձակ առողջ է: Խոսքը մասնավորապես առաջին, երկրորդ եւ երրորդ փուլերի մասին է: Քաղցկեղի բուժումը իրականացվում է բազմաթիվ փուլերով, եւ վստահեցնում եմ՝ այն տասն անգամ ավելի մատչելի է Հայաստանում, քան արտերկրում եւ միանգամայն նույն արդյունքներով եւ որակով: Մենք ունեցել ենք այնպիսի դեպքեր, երբ հիվանդները արտերկրից կրկին այստեղ են տեղափոխվել»,- նշում է Լեւոն Բադալյանը:
Իր հերթին թիմի մեկ այլ անդամ «Դավիդյանց լաբորատորիաներ»-ի ղեկավար Աշոտ Դավիդյանցը վստահեցրեց, որ պետք է ձգտել համապատասխանել միջազգային ստանդարտներին:
Թիմը այժմ հանդիսանում է Օնկովիրաբույժների Եվրոպական ասոցիացիայի անդամ, ինչը հնարավորություն է տալիս դեպքերի մեծամասնությունը ներկայացնել օտարերկրացի լավագույն մասնագետներին, ապահովել դրանց վերահսկողությունը, ինչը, մասնագետների խոսքով, ինքնին բացառում է սխալվելու հավանականությունը:



