Կորցրած տարածքները հետ վերցնելը հայկական կողմի համար 1-2 օրվա խնդիր է. Վահրամ Բաղդասարյան
ОБЩЕСТВОԱպրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած տարածքները հայկական կողմն անհրաժեշտության դեպքում կարող է հետ վերցնել մեկ-երկու օրվա ընթացքում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե անհրաժեշտություն լինի, այդ տարածքները հետ վերցնելը մեկ-երկու օրվա խնդիր է, սակայն դրա հետևանքները կարող են ծանր լինել: Հարկավոր է ավելի խորամիտ լինել և մտածել հետևանքների մասին»,- ասաց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ կորցրած տարածքները հայկական կողմի համար ռազմավարական նշանակություն չունեն, անմշակ հողեր են ու ամայի տարածքներ: «Պետք չէ այդ հարցի վրա ծանրանալ: Հիմա մենք այլ փուլում ենք ու պետք է մեր ուշադրությունը սևեռենք այդ փուլի վրա: Եթե Մինսկի խմբի համանախագահ երկրները հետևողական լինեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում, մենք կարող ենք առաջընթաց ունենալ հակամարտության կարգավորման հարցում»,- նշեց պատգամավորը:
Հարցին՝այդ կորցրած տարածքների պատճառով չէ՞, որ Թալիշն ու Մարտակերտը հակառակորդի հրետակոծության տակ են հայտնվել, Բաղդասարյանը պատասխանեց. «Անկախ դրանից, եթե իրավիճակը սրվել է, Թալիշը էլի լինելու էր հակառակորդի հրետակոծության տակ: Այնպես չէ, որ այդ տարածքները, եթե մենք չկորցնեինք, թալիշցիները կարող էին անվտանգ զգալ իրենց»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:



