Մանրամասներ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների՝ «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպած կոնֆերանսից.«Հայոց աշխարհ»
ОБЩЕСТВО««Հայոց Աշխարհ»-ի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչները «Անի Պլազա» հյուրանոցում կոնֆերանս են անցկացրել, որին մասնակցել են նաև մի քանի երկրների դեսպանատների աշխատակիցներ:
Ինչպես մեզ հայտնի դարձավ, կոնֆերանսին ներկա են եղել Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ներկայացուցիչ Ֆլուր Նուիտեն Էլզինգան:
Ի դեպ, ավելի վաղ հայտարարվել էր, թե հանդիպմանը մասնակցելու են նաեւ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ նրա տեղակալ Վիգեն Քոչարյանը, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել:
Մեր տեղեկություններով, փոխնախարարը պետք է կոնֆերանսի մասնակիցներին ներկայացներ արդարադատության նախարարության տեսակետները եւ տարվող աշխատանքները Հայաստանում խտրականության դեմ պայքարի գործընթացում, իսկ կոնֆերանսի կազմակերպիչները պետք է իրենց պատրաստած օրենսդրական նախաձեռնությունները փոխանցեին գերատեսչությանը: Սակայն նախարարի եւ փոխնախարարի բացակայությունը ձախողել է նրանց ծրագիրը:
Չնայած դրան, կոնֆերանսի մասնակիցները քննարկել են ԼԳՏԲ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները եւ հանդես եկել նոր առաջարկներով:
Մասնավորապես ԼԳՏԲ համայնքի շահերի պաշտպանությամբ զբաղվող «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը, որը նաեւ տվյալ կոնֆերանսի կազմակերպիչն է, ներկայացրել է հետազոտություններ՝ «Սեռափոխության վիրահատության իրավական կարգավորումները» և «ԳԲՏ/ՏՍՏ անձանց ծառայությունը ՀՀ Զինված ուժերում» թեմաներով:
Զեկույցներ են ներկայացրել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան (ԲՀՀ-Հայաստան) կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը, Հակախտրականության կոալիցիան, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը:
Կոնֆերանսին ներկա են եղել ԲՀՀ-Հայաստանի տնօրեն Լարիսա Մինասյանը, «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ նախագահ Սերգեյ Գաբրիելյանը, «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամ / Հայաստան ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը եւ այլք:
Մեր աղբյուրները հայտնում են, որ նշված կազմակերպությունները վերջին շրջանում մեծ ռեսուրսներ են տրամադրում՝ տարբեր տեսակի տեղեկատվական նյութեր պատրաստելու եւ տարածելու, իրենց շարքերը նոր մարդկանց ներգրավելու ուղղությամբ:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



