Կրակոցներ Երեւանում. 24-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
2016թ. մայիսի 17-ին` ժամը 18:20-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձախ ազդրի ներսային հատվածի եւ որովայնի երկկողմանի հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել 24-ամյա Տարոն Կարենի Մադաթյանը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Պարզվել է դեպքի վայրը, որի զննության արդյունքում հայտնաբերվել է 9մմ տրամաչափի մեկ պարկուճ:
Հարցաքննվել են դեպքի վայրին հարակից տների բնակիչները, տուժողի ընկերները, առգրավվել դեպքի վայրի հարեւանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի տեախցիկների տեսագրությունները:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատատեսաձայնագրային եւ դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:



