Մեծ թատրոնում պարգեւատրել են բալետի «Օսկար»-ի դափնեկիրներին
КУЛЬТУРА
Ռուսաստանի Մեծ թատրոնում անցկացվել Է միջազգային բալետի Benois de la danse մրցանակի հանձնման թվով 24-րդ արարողությունը, որը համարվում Է բալետի «Օսկար», հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Խորեոգրաֆներ» անվանակարգում լավագույնն են ճանաչվել Յուրի Պեսոխովը («Մեր ժամանակի հերոսը», Մեծ թատրոն) եւ Յոհան Ինգերը, որին մրցանակի են առաջադրել երկու ներկայացման համար՝ «Կարմեն»-ի (Իսպանիայի պարի ազգային ընկերություն) եւ «Մեկը՝ մեկին» (Նիդեռլանդների պարի թատրոն):
«Պարուհիներ» անվանակարգում հաղթել են Ալիսիա Ամատրիյենը՝ Շտուտգարտի պետական բալետում Ջոն Նոյմայերի բեմադրության մեջ մի շարք դերեր կատարելու համար, ինչպես նաեւ Հաննա Օ՛Նեյլը՝ Փարիզի ազգային օպերայում Պիեռ Լակոտի «Պախիտա» բեմադրության մեջ գլխավոր դերը կատարելու համար:
«Պարող» անվանակարգում մրցանակի Է արժանացել Փարիզի Օպերայի բալետի մենակատար չինացի Կիմ Կիմինը (Սոլոր, «Բայադերա», խմբագրումը՝ Ռուդոլֆ Նուրեեւի եւ Մարիինյան թատրոնում Միխայիլ Ֆոկինի բեմադրությամբ «Շեհերազադա» բալետում դերակատարման համար):
Benois de la danse մրցանակը հիմնվել Է 1991 թվականին Խորեոգրաֆիայի գործիչների միջազգային միության կողմից՝ Յուրի Գրիգորովիչի գլխավորությամբ: Նա մնում Է ժյուրիի անփոփոխ նախագահը, որի կազմը նորացվում Է ամեն տարի:
Ընթացիկ տարվա ժյուրիի կազմում ընդգրկվել են Փարիզի Օպերայի բալետի աստղ Մարի-Անիես Ժիլոն, Իսպանիայի պարի ազգային ընկերության գեղարվեստական ղեկավար Խոսե Կառլոս Մարտինեզ Գարսիան, Շվեդիայի Թագավորական բալետի գեղարվեստական ղեկավար Յոհաննես Օհմանը, խորեոգրաֆ, Պեկինի պարի ակադեմիայի խորեոգրաֆիայի ամբիոնի պրոֆեսոր Սյաո Սուհուան, ինչպես նաեւ իտալական բալետի աստղ Էլիզաբետա Տերաբյուստը, Մարիինան թատրոնի բալետի բաժնի վարիչի պաշտոնակատար Յուրի Ֆատեեւը, Նյու Յորքի Թատրոնի տնօրեն Ջոյս Լինդա Շելթոնը:




















































