«Երբ մտածում ես, որ թիկունքումդ ընտանիքդ է, այլևս ոչնչից չես վախենում». վիրավոր Գագիկ Մխիթարյան
ФОТО
Blognews.am-ը գրում է.
Ժամկետային զինծառայող Գագիկ Մխիթարյանը 23 տարեկան է, ոտքից է վիրավոր, բայց բժիշկներն ասում են, որ մի քանի ամսից լիովին կապաքինվի։ Blognews-ի հետ զրույցում Գագիկը նշեց, որ սահմանին բոլորն էլ պատրաստ սպասում էին գործողության։
«Էս մասշտաբի գործողություններ չեն եղել, բայց մենք միշտ էլ գիտակցել ենք վտանգը ու պատրաստ ենք եղել ամեն ինչի։ Միգուցե նորակոչիկների համար դա անակնկալ էր, բայց մենք միշտ էլ սպասել ենք այս ամենին»,- ասաց ժամկետային զինծառայողը, ում զորացրվելուն 2 ամիս էր մնացել։
Գագիկը նշեց, որ առաջնագծում յուրաքանչյուրն առաջին հերթին պաշտպանում է իր ընտանիքը. «Յուրաքանչյուրն էլ վախենում է իր կյանքի համար, սակայն երբ մտածում ես, որ թիկունքումդ ընտանիքդ է, միայն ուզում ես, որ հակառակորդը չհասնի ընտանիքիդ։ Այլևս ոչնչից չես վախենում։ Երբ դու առաջնագծում ես, հասկանում ես, որ չպիտի հակառակորդին թույլ տաս առաջ գալ, որովհետև եթե քեզ անցնի, կարող է հասնել նաև քո ընտանիքին»։
Ըստ Գագիկի՝ հակառակորդի հետ մեր ուժերն անհավասար են, քանի որ հակառակորդը հասկանում է, որ թույլ է, չի կարող հավասար ուժերով առաջ գալ, սակայն դա էլ նրանց չի օգնում։ «Կարող է զենք, տեխնիկա ունենան, բայց չկարողանան դա ճիշտ կիրառել։ Մերոնք ամեն առումով գերազանցում են թշնամուն։ Մեր ներքին տրամադրություններն էլ շատ լավ են»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն էլ, ընկերներն էլ համոզված են, որ ամեն բան շատ լավ է լինելու։ «Եթե թշնամին նորից փորձի հարձակվել, միակ ելքն այն է, որ ճիշտ օգտագործենք մեր հնարավորությունները և լավ առաջ գնանք, որպեսզի թշնամին համոզվի, որ չի կարող ոտք դնել մեր հող։ Մենք ունենք դրա հնարավորությունը, մերոնք ավելի ուժեղ են»,- եզրափակեց Գագիկը։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի




















































