Լեհ գործարարները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով
ПОЛИТИКАայ-լեհական տնտեսական համագործակցությունը զարգացման նոր փուլ է մտնում: Երևանում մայիսի 17-ին կայացել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպումը, հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամու թյունը ջանքեր գործադրելու և նպաստելու հայ-լեհական համագործակցության ընդլայնմանը և զարգացմանը բոլոր ուղղություններով:
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ սա մի ձևաչափ է, որտեղ հնարավորություն են ունենում քննարկել համագործակցության ամենատարբեր ծրագրեր և գալ ընդհանուր համաձայնության:
«Օրակարգը բավական ընդգրկուն է, մենք ունենք տնտեսությանն առնչվող հարցեր գրեթե բոլոր ոլորտներից` գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, ռազմատեխնիկական համագործակցության, առևտրի, ներդրումների, զբոսաշրջության և այլն: Երեկ տեղի ունեցած մասնագիտական քննարկումների շրջանակում մենք կարողացել ենք հասնել կոնկրետ պայմանավորվածությունների»,- ասաց Գարեգին Մելքոնյանը:
Նրա խոսքով, կա գործնական ծրագրերի հաստատում զբոսաշրջության ոլորտում: Էներգետիկայի ոլորտում նախանշվել են աշխատանքներ վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ: Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ծրագրեր, հայ և լեհ մասնագետները փորձի փոխանակում կիրականացնեն նաև արտակարգ իրավիճակների ոլորտում:
«Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա առկա հնարավորությունները փոխադարձ ներկայացնելու մի ամբողջ փաթեթ է մշակվել: Այս այցի շրջանակում նույնպես ներկայացնում ենք ազատ տնտեսական գոտիները, արդեն իսկ Երևանում գտնվող լեհական բիզնես պատվիրակության մեջ կան գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու հարցով»,-ասաց Գարեգին Մելքոնյանը:
Հայաստանում առաջին անգամ գտնվող միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Լեհաստանի Հանրապետության զարգացման նախարարի տեղակալ Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին նշեց, որ լեհական կողմը հետաքրքրված է տարբեր ոլորտներով:
«Ուրախալի, որ հայկական շուկայում ունենք լեհական բիզնեսի մի քանի օրինակներ: Կարծում եմ, կարող ենք խոսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լեհական ներդրման մասին: Գոհունակություն եմ հայտնում այն փաստի վերաբերյալ, որ Հայաստանում ներդրումային մթնոլորտը բարիդրացիական է, և գիտենք, որ կա ստեղծված համապատասխան դաշտ: Կարծում եմ, կարող ենք լավատես լինել ներդրումային զարգացման հարցում, ակնկալում ենք նաև հայկական բիզնեսի ներկայությունը Լեհաստանում»,-ասաց Ռադոսլավ Դոմագալսկի-Լաբեձկին:



