ԱԺ-ն պետք է հետեւի Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի առաջարկած փոփոխություններին
ПОЛИТИКАՄի շարք հասարակական ու իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով Ազգային Ժողովին կոչ են արել կատարել Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությամբ առաջարկված փոփոխությունները եւ հաստատել են այն կարծիքը, ըստ որի՝ ընտրական գործընթացի արժանահավատությունը եւ որակը փոխելու իրական ներուժ է պարունակում յուրաքանչյուր տեղամասում արդյունքների ամփոփումից անմիջապես հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու վերաբերյալ դրույթը:
Վերջիններս, մասնակցելով Ընտրական օրենսգրքի նախագծի վերլուծություններին, պատրաստելով այլընտրանքային առաջարկներ եւ լուծումներ եւ իրենց ներկայացուցիչներին լիազորելով` մասնակցելու «4+4+4» ձևաչափով քննարկումներին, հրապարակել են այս հայտարարությունը, մինչ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցումը:
Այս հայտարարությունը նրանք անում են` ծանոթացած լինելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությանը, որում արտահայտված մտահոգությունները նույնն են, ինչ իրենց կողմից ներկայացվածները: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Ազգային ժողով ուղարկված նախագծի ներկայիս տարբերակը, որն անցել է առաջին ընթերցումը, մեր կարծիքով, խիստ անընդունելի է: Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը համակարծիք է մեր այն գնահատականին, որ նախագիծը չի համապատասխանում միջազգային չափանիշներին եւ նորմերին թե՛ քվեարկության անաչառությունն ապահովելու, թե՛ իսկապես ներկայացուցչական, ժողովրդավարական խորհրդարան ձևավորելու առումներով: Վենետիկի հանձնաժողովը եւ ԺՀՄԻԳ-ն իրենց համատեղ եզրակացության մեջ առաջարկություններ են ներկայացրել նախագծի խնդրահարույց դրույթների մեծ մասի վերաբերյալ:
Ներկայացվել են նաեւ այն նվազագույն առաջարկները, որոնք անհրաժեշտ են նախագիծը գոհացուցիչ մակարդակի հասցնելու համար: Թեպետ Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացությունը նախագծում առկա ոչ բոլոր խնդրահարույց կետերին է անդրադառնում, մենք իշխանություններին եւ Ազգային ժողովին կոչ ենք անում կատարել եզրակացությամբ առաջարկված փոփոխությունները:
Հատկապես պնդում ենք, որ կարևոր են Եզրակացության 14-րդ և 15-րդ կետերում արված առաջարկությունները: Մեր կողմից ավելի վաղ արված առաջարկություններին համընկնող բոլոր այդ առաջարկությունները չիրագործելը մեր կողմից կհամարվի ընտրական գործընթացի որակը եւ ընտրությունների նկատմամբ վստահությունը բարձրացնելու` հասարակության եւ միջազգային հանրության պահանջին ականջալուր չլինելու ափսոսալի դրսեւորում»: Նշենք, որ հայտարարությունը բաց է միանալու համար:
Առայժմ հայտարարությանը միացել են այս կազմակերպությունները. Հայաստանի հելսինկյան կոմիտե Լրագրողների «Ասպարեզ» ակումբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն ՄԻՊ «Իրավագետ սերունդ» ՀԿ Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ Կանանց ռեսուրսային կենտրոն – Հայաստան
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



