Հայ զինվորն ու սպան հաղթեցին հանուն հայրենիքի ու հանուն ընտանիքի, զոհվեցին՝ հանուն հայրենիքի ու հանուն ընտանիքի.Գալուստ Սահակյան
ОБЩЕСТВОՀՀ Ազգային ժողովի նախագահի՝ Ընտանիքի օրվան նվիրված շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ:
Մեր ազգային ակունքներից բխող այս տոնը միաժամանակ համամարդկային է, քանի որ իր մեջ ներառում է այնպիսի հասկացություններ, որոնք կարևորագույն նշանակություն ունեն բոլոր մարդկանց համար` տուն, ծնող, երեխա, հայրենիք:
Այս տոնը երիտասարդ լինելով հանդերձ` ունի հին ու հիմնավոր պատմություն` հանձին մարդկության պատմության, որովհետև ընտանիքն ազգի հիմնասյունն է և պետության հիմնաքարը, որի ամրությունը փորձության է ենթարկվում թե՛ խաղաղ, թե՛ առավել ևս պատերազմական ժամանակաշրջանում: Մեր պատմության ընթացքում ընտանիքը՝ որպես օջախ ու փոքրիկ հայրենիք, բազում այդպիսի փորձությունների միջով է անցել: Ապրիլյան վերջին պատերազմական իրադարձություններում հերոսացած հայ զինվորն ու սպան ի դեմս հայրենիքի պաշտպանեցին նաև իրենց ընտանիքները, հաղթեցին՝ հանուն հայրենիքի ու հանուն ընտանիքի, զոհվեցին՝ հանուն հայրենիքի ու հանուն ընտանիքի: Հայրենիքը սիրելու, ընկերոջը փրկելու, հողը չզիջելու, հավատարմության ու նվիրումի առաջին դասերը նրանք ստացել էին ընտանիքից ու ծնողից և այդ դասերը ամբողջացրել հայրենիքի գաղափարով:
Չափազանց խոր իմաստ ունի, երբ սահմանին միասին կանգնած են կամավորական հայրն ու զինվոր որդին, աշխատանքի` ծառայության գնացող սպա ամուսնուն նորածին երեխայի հետ հրաժեշտ է տալիս երիտասարդ կինը, և, իհարկե, որդուն բանակ է ճանապարհում մայրը. բոլորն էլ հուզված, բայց և անսահման հպարտ: Սա խորհրդանշական վկայությունն է այն բանի, որ, անկախ տնտեսական ու սոցիալական դժվարություններից, մեզանում ընտանիքը միշտ հաստատուն է պահել երկրի հիմքը` ավելի ամրացնելով այն, զինվոր ու քաղաքացի դաստիարակելով, թրծելով, նրանց` հայրենիքին, հայրենիքն էլ նրանց վստահելով:
Վերստին շնորհավորելով այս լուսավոր տոնի առթիվ` մաղթում եմ, որ մեր ընտանիքներում հարատևեն ջերմությունը, սերն ու համերաշխությունը, որ խաղաղությունը և բարեկեցությունը լինեն մեր օջախների մշտական ուղեկիցները, իսկ լավատեսությունը բոլորիս միշտ ոգևորի ու անսասան հույս տա, որ վաղվա օրն ավելի լավն է լինելու թե՛ յուրաքանչյուր ընտանիքի, թե՛ մեր երկրի համար»:



