Հայկոն՝ Իվետայի ելույթի եւ Արցախի դրոշը ծածանելու մասին (լուսանկար)
ФОТО
Style.news.am-ը գրում է.
Այս օրերին ամբողջ համացանցը ողողված է եվրատեսիլյան քննարկումներով։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի մասին խոսում են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան մամուլը՝ բարձր գնահատելով նրա ելույթը։ NEWS.am STYLE-ն Իվետայի կատարման եւ Արցախի դրոշը ծածանելու մասին զրուցել է «Եվրատեսիլ-2016»-ին հայաստանյան ազգային ժյուրիի նախագահ, երգիչ Հայկոյի հետ։ Վերջինս բարձր գնահատեց առաջին կիսաեզրափակիչում Իվետայի կատարումը․
«Իվետայի ելույթը փայլուն էր։ Այն արժանի է հաղթանակի։ Իվետան լավ երաժիշտ է եւ լավ արտիստ, որը բեմում ներկայացավ անկաշկանդ եւ ազատ։ Դա իհարկե նրանից է, որ երկար տարիներ ապրել է Գերմանիայում, մասնակցել է տարբեր մրցույթների, Հայաստանում աշխատել է շատ տաղանդավոր երաժիշտների հետ։ Իսկապես ունի մեծ փորձ, որն էլ օգնեց պրոֆեսիոնալ ելույթ ունենալ։ Դժվարանում եմ ասել, թե որ տեղը նա կգրավի, քանի որ «Եվրատեսիլը» անկանխատեսելի մրցույթ է, բայց ամեն դեպքում բուքմեյքերները բարձր հորիզոնականներ են կանխատեսել»։
«Եվրատեսիլ-2016»-ի մասնակիցներն այս տարի ջանք չեն խնայել զարմացնել իրենց օրիգինալ կատարումներով եւ շոուով։ Հայկոյի համար ֆավորիտ դարձած կատարումներն են Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազերեւի ելույթը, հատկապես շոուն, հայկական արմատներ ունեցող Ջամալայի (Ուկրաինա) երգը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ամիրի կատարումը։
Խոսելով Արցախի դրոշը ծածանելու մասին՝ Հայկոն ասաց․ «Շնորհակալ ենք նրան, որ համարձակվեց եւ բարձրացրեց Արցախի դրոշը, քանի որ հնարավոր է Իվետային հեռացնեին մրցույթից։ Բայց ամեն դեպքում նա դա արեց։ Եզրափակիչում Իվետային մաղթում եմ միմիայն փայլուն ելույթ եւ հաղթանակ»։
Հիշեցնենք, որ Իվետան «Եվրատեսիլ-2016» մրցույթում ելույթ էր ունեցել մայիսի 10-ին։ Իր հիանալի կատարման շնորհիվ մեր պատվիրակը հնարավորություն ստացավ բեմ բարձրանալ նաեւ մայիսի 14-ին եզրափակչում եւ երգել 26 համարի ներքո։
Մելինե Տոնոյան




















































