Հայաստանի կառավարությունը կոշտ մեխանիզմներով կբացառի պաշտոնյաների մասնակցությունը պետգնումներին
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի դեմ պայքարում տեսնում է հնարավորություն` արագ շոշափելի արդյունքներ գրանցելու համար: Ըստ վարչապետի, նախևառաջ, կառավարությունը պետք է սահմանի երկու կարևոր սկզբունք:
«Առաջինը` կոռուպցիոն երևույթներն ըստ մարմինների պետք է դառնան առանձին չափման առարկա, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումների միջոցով: Թե՛ մարմինների ղեկավարները և թե՛ կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահները պետք է հանրային հաշվետվություն ներկայացնեն այդ ցուցանիշների դինամիկայի հետ կապված: Վատթարացող կամ անփոփոխ վիճակի պարագայում մենք հետևություններ կանենք, այդ թվում՝ կադրային հարցերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նրա խոսքով՝ այս կապակցությամբ հանրության ակնկալիքները, ինչպես նաև կառավարության կողմից առաջարկվող լուծումների իրականացման մանրամասները ենթադրում են քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ: «Երկրորդ սկզբունքը վերաբերում է շահերի բախման երևույթին: Համարում եմ, որ մենք պետք է շատ արագ կոշտ մեխանիզմներ ներդնենք, որոնք կբացառեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց հետ փոխկապակցված ազգականների մասնակցությունը պետական գնումներին և պետական միջոցներով իրականացվող ծրագրերին»,- ասաց գործադիր իշխանության ղեկավարը:



