Հարությունն ու Արթուրը. դիվերսանտների հետ մարտի բռնված ու ծառայակիցների կյանքը փրկած դիրքապահները
ОБЩЕСТВОԼեռնային Ղարաբաղի հյուսիսային ուղղության մարտական դիրքերից մեկը պահող զինծառայողներ Հարություն Բադալյանն ու Արթուր Աղասյանը քառօրյա պատերազմի ժամանակ՝ ապրիլի 2-ին, մարտի են բռնվել հակառակորդի դիվերսանտների հետ, ոչնչացրել նրանց:
Ապրիլի 2-ին հակառակորդը անօդաչու է բարձրացրել ու սկսել շրջանաձեւ հրետակոծել դիրքը: Դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Աղասյանը կրակոցների տակ կարողացել է արագ կողմնորոշվել ու կյանքեր փրկել:
Հրետակոծության պահին դիրքապահները մտել են կացարան, դիրքավորվել: Ժամը 05:10-ի սահմանում մարտական դիրքի դիտորդ, շարքային Հարությունը նկատել է դիրքին մոտեցող հակառակորդի՝ 30 հոգանոց դիվերսիոն խմբին եւ զեկուցել դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Աղասյանին: Դիվերսանտներից մեկը փորձել է նռնակ գցել կացարանի մեջ, Աղասյանը նկատել ու ինքն է պատուհանից նռնակ գցել, վիրավորել դիվերսանտ սպային, ապա ինքնաձիգով ոչնչացրել նրան:
Այդ պահին շարքային Բադալյանը, նկատելով գետնատնակին մոտեցած 2 դիվերսանտների, սկզբում կրակել է նրանց ուղղությամբ, վիրավորել, ապա նռնակ նետել, ոչնչացրել:
Դրանից հետո Աղասյանը եւս մեկ նռնակ էլ նետել, վիրավորել է դիվերսիոն խմբի հրամանատարին:
Դիվերսանտները խուճապի են մատնվել ու փախել:
ՊԲ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանը ԼՂՀ Մարտունու շրջանից է, նույն զորամասի հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի 2-րդ ջոկի ավագ հրաձիգ, շարքային Հարություն Բադալյանը՝ Երեւանից: Նրանք երկուսն էլ պարգեւատրվել են «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

Արթուր Աղասյան: Լուսանկարը՝ Մեդիամաքսի

Հարություն Բադալյան



