Բնապահպանները Սեւանա լճի ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներ են կազմակերպելու
ОБЩЕСТВОՄայիսի 14-ին «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը մի շարք այլ բնապահպանական կազմակերպությունների հետ համատեղ պատրաստվում են Սեւանա լճի ափամերձ հատվածում մաքրման աշխատանքներ իրականացնել:
«Սեւանա լճի հետ կապված են բազմաթիվ տեսանելի եւ անտեսանելի խնդիրներ։ Դրանցից ամենատեսանելիներից է ափամերձ գոտու աղտոտվածությունը կենցաղային աղբով, որն ինչպես էկոլոգիական սպառնալիք է, այնպես էլ լուրջ խոչընդոտ ափամերձ տարածքներում հանգիստ կազմակերպելու առումով»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։
Վերջիններս նախաձեռնել են համասեւանյան աղբահավաք, որը կիրականացվի մայիսի 14-ին Սեւանա լճի ափամերձ տարածքներում իրենց կողմից նախապես ուսումնասիրված եւ քարտեզագրված 25 հատվածներում, որոնք վարձակալված չեն տարբեր տնտեսվարողների կողմից։ Միջոցառմանը մասնակցելու են բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ (WWF Armenia, ATP, ՀԲՃ, «Էկոգյուղ»), արշավական խմբեր (Armenian Geographic, «Բնատաճար» արշավային եւ զբոսաշրջային ակումբ), ուսումնական հաստատություններ, բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, «Սեւան» ազգային պարկը, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի հասարակական կազմակեպությունները։
Այս պահին միջոցառման մասնակիցների ընդհանուր թիվը հասնում է գրեթե չորս հարյուրի։ Միաժամանակ, կազմակերպիչները մաքրման աշխատանքներին միանալու կոչ են անում ափամերձ համայնքների մնացած բնակիչներին եւ հասարակական կազմակերպություններին, գլխավոր մայրուղին սպասարկող կազմակերպություններին՝ ճանապարհի եզրերը աղբից ազատելու նպատակով, ինչպես նաեւ ափամերձ տարածքների բոլոր վարձակալներին՝ իրենց կողմից օգտագործվող տարածքները կարգի բերելու համար։
«Աղբահավաքի նախաձեռնությունը զուտ մեկանգամյա գործողություն չէ, նախ՝ բնապահպանական կրթության առիթ է բոլոր մասնակիցների համար, ովքեր տարածքի պոտենցիալ օգտվողներ են, երկրորդ՝ առիթ է մշակելու ափամերձ գոտու հետագա աղտոտման կանխման գործողություններ, վերջապես՝ հնարավորություն է լայնամասշտաբ բնապահպանական ներգրավվածության եւ Սեւանա լճի հետ կապված այլ խնդիրների բացահայտման ու լուծումների ներկայացման», - հայտնում են ՀԲՃ-ից։
Նշենք, որ Երեւան քաղաքից մեկնողները մայիսի 14-ին՝ ժամը 8:30-9:00-ը, հավաքվելու են Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ եւ ավտոբուսներով շարժվելու են դեպի Սեւանա լիճ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



