«Գեղամա աշխարհ» թերթը բոլորեց իր հրատարակության 20 տարին
ОБЩЕСТВО«Գեղամա աշխարհ» մարզային թերթը մայիսի 10-ին բոլորեց իր հրատարակման եւ գործունեության 20 տարին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գեղամա աշխարհ» թերթի աշխատակազմից, թերթի առաջին համարը լույս է տեսել 1996 թվականի մայիսի 10-ին,Յուրա Խաչատրյանի խմբագրությամբ: Մինչեւ 2008 թվականը «Գեղամա աշխարհ» թերթը լույս է տեսել ամիսը մեկ անգամ,իսկ 2008 թվականից մինչ այժմ տպագրվում է ամիսը 2-3 համարով: 2016 թվականի մայիսի 11-ին տպագրության է հանձնվել թերթի 342-րդ համարը: 2 մամուլ ծավալով, 1100 տպաքանակով թերթը տարածվում է մարզի բոլոր 91 համայնքներում: Պետության կողմից տրամադրվող սուբսիդավորումը կազմում է 500 հազար դրամ: Մնացած ծախսերը խմբագրությունը հոգում է հիմնականում բաժանորդագրության,մասամբ՝ գովազդային ծառայությունների հաշվին:
Քսան տարում թերթն ունեցել է 3 խմբագիր՝ Յուրա Խաչատրյան, Նաիրի Օհանյան, Խոսրով Խլղաթյան:12 տարում առաջին երկու խմբագիրների օրոք հրատարակվել է «Գեղամա աշխարհ»-ի 140, երրորդ խմբագրի օրոք՝ յոթուկես տարիների ընթացքում՝ 202 համար:
«Մեր թերթի էջերում տեղ են գտնում ոչ միայն Գեղարքունիքի մարզպետարանի եւ մարզի համայնքների կեսագործունեության, հիմնախնդիրների եւ ձեռքբերումների մասին պատմող նյութերը, մարզի կրթական, մշակութային, քաղաքական, հասարակական, հոգեւոր անցուդարձերը, այլ նաեւ արծարծվում են համահայկական, համազգային խնդիրները՝ Արեւմտահայ ազատագրական շարժումից սկսած եւ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում կատարվող կարեորագույն իրադարձություններով վերջացրած: Ավելի հաճախ՝ գոնե շաբաթը մեկ անգամ, ընթերցողի հետ հանդիպելու համար առայժմ շատ սուղ են միջ ոցները: Թերթը հրատարակվում է մայրաքաղաքում, քանի որ մարզում գործող տպարաններ չկան, տեղերում վաճառք կազմակերպելը դժվար է մարզում աղքատության բարձր նիշի, զանազան այլ պատճառներով: Բայց մենք դեռ ձգտում ենք պահպանել ու զարգացնել մարզի միակ տպագիր մամուլը, թեկուզ դժվարությունների գնով, առաջ տանել մեր նպատակները՝ վեր հանելով Հայկական աշխարհի այս մեծ ու գողտրիկ հատվածի թաքնված պատմությունը, արժեքները, արարչագործությունը: Քանի դեռ ասելիք ու անելիք ունենք, քանի դեռ մեզ կսպասի վերջին ընթերցողը, մենք լինելու ենք մեր գործի նվիրյալները»,-նշ եց «Գեղամա աշխարհ»-ի գլխավոր խմբագիրը:



