Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը
ОБЩЕСТВОԱրցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 10-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Նշենք, որ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ուժեղացված դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Թոմաս Լենկը (Գերմանիա)։



