Կանադայում անտառային հրդեհները 85 հազար հեկտար տացածք են ճարակել
ОБЩЕСТВОԿանադայի Ալբերտայի նահանգում անտառային հրդեհները 85 հազար հեկտար տարածք են ընդգրկել եւ տարածվում են հարավային ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Տարածաշրջանի կառավարության տվյալներով՝ հրդեհի մարմանը մասնակցում են 1100-ից ավելի հրշեջներ եւ 145 ուղղաթիռներ: Ներկայում անտառային հրդեհների շրջաններից տարհանված է ավելի քան 88 հազար մարդ: Տարերքի հետեւանքով մահվան դեպքեր առայժմ չեն գրանցվել:
Հրդեհների ստույգ պատճառը դեռեւս պարզված չէ: Ենթադրվում է, որ դրանք առաջացել են շոգ եղանակի պայմաններում: Իշխանությունները զգուշանում են, որ հրդեհների տարածքը կշարունակի աճել, թեեւ առաջիկա օրերին անձրեւներ են կանխատեսվում:
Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Ալբերտայի նահանգում մոլեգնող հրդեհները շարքից հանել են երկրի նավթ արդյունահանող բոլոր հզորությունների մոտավորապես մեկ երրորդը եւ հանգեցրել մի շարք խողովակաշարերի փակման: Գործակալության հաշվարկներով՝ կրակի տարածման պատճառով կանգնեցված նավթարդյունահանման նախագծերի ընդհանուր հզորությունը կազմել է օրական մոտավորապես 640 հազար բարել:



