Ереван, 08.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինքներս միայն մեզ համար ապրելը մահից սարսափելի է. Խաչիկ Եղոյան

ЛАЙФ

Կայացած մասնագետներ համարվում են նրանք, ովքեր, քաջ գիտակցելով սեփական կարողություններն ու հնարավորությունները, համոզված լինելով իրենց մասնագիտական բարձր որակի մեջ, գործում են օգտակար ու արդյունավետ՝ միևնույն ժամանակ չմեծամտանալով և մնալով համեստ:

Past.am-ն այսօր անդրադարձել է ռեժիսոր Խաչիկ Եղոյանին, սակայն մեր զրույցն ընթացել է ոչ միայն գործնական, այլև անձնական տիրույթում:

-Խաչիկ, օրեր առաջ հեծանվաերթ էիք կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ: Ո՞րն էր այդ քայլի պատճառը:

-Նախ ասեմ, որ առաջին իսկ պահից նպատակը մեկն էր՝ ձայն բարձրացնել ի հիշատակ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի: Եվս մեկ խոսքով, մեկ նոր շնչով մեր արդար պահանջի կոչն անելու նպատակ ունենք: Իսկ այս հեծանվաերթը բուն գաղափարի ենթածրագրերից է: Նախագծի գլխավոր հանգրվանը լինելու է 100 եկեղեցիների դռներով ցուցահանդեսը, որն էլ Աստծո կամոք պետք է շատ շրջագայի:

-Շա՞տ մարդ էր արձագանքել հեծանվաերթին:

- 100-րդ տարելիցի հետ կապված՝ մտածում էի, որ խորհրդանշական կլինի, եթե 100 հոգի հավաքվենք: Բայց մոտ 70 մարդ եկավ: Ըստ իս, բավականին տեսանելի էինք (ժպտում է):

-Նշեցիք ցուցահանդեսի մասին: Ի՞նչ փուլում է գտնվում «100 դուռ» նախագիծը, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

-Ամեն անգամ այս հարցին պատասխանելիս սիրտս կարծես կտոր-կտոր է լինում, սակայն ասեմ, որ արդեն, կարծեք ամենաբարդ ճանապարհները հաղթահարել ենք: Լուսանկարները մշակված են, մնում է տպագրել: Խնդիրներն արդեն ֆինանսական տիրույթում են, հուսով եմ՝ դա էլ կհաղթահարենք: Աստված է մեր օգնականը:

-Բավական մասշտաբային նախագիծ եք ձեռնարկել: Պետական աջակցությո՞ւն, հովանավորներ ունե՞ք:

-Առաջինը մշակույթի նախարարություն էի դիմել: Թող անհամեստ չհնչի, բայց ինչպես շատ այլ կառույցներ ողջունեցին, գովաբանեցին այս գաղափարը: Անգամ նախարարության հետ մեկ տարի նամակագրական կապեր ունեցանք: Աջակցության խոստումներ ստացանք և՛ գրավոր, և՛ բանավոր տեսքով:

-Իսկ ի՞նչը խանգարեց խոստումների իրականացմանը:

-Չգիտեմ, երբ ապրիլ ամիսն անցավ, հեռախոսով մերժում ստացանք:

-Այլ պետական կառույցների չե՞ք դիմել:

-Դիմել ենք քաղաքապետարանին: Նրանք միագամից արձագանքեցին և որոշակի խորհրդանշական գումարով աջակցեցին: Դրա համար շնորհակալ եմ մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանին և փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին:

-Փաստորեն, հիմնական ծախսը Ձեր ուսերին են:

-Հիմնական ծախս ինքս եմ արել իմ անձնական միջոցներից: Շատ դժվարությամբ, բայց Աստծուն փառք… Դեռևս մի քանի կառույցներից սպասում եմ պատասխանի:

-Որքան նկատել եմ, մեր հանրապետությունում 100-րդ տարելիցի միջոցառումները սկսվեցին ու կարելի է ասել` ավարտվեցին ապրիլի 24-ով:

-Կարող եմ ասել՝ ում համար ավարտվել է, նրա համար չէր էլ սկսվել: Նա հայրենիքում որպես արժանի քաղաքացի, երկրագնդի վրա որպես հայ չի ապրում: Մեզ համար այս պահանջը չի ավարտվի. մեր վերքերը դեռ բաց են և կսպիանան միայն ոճրագործ պապերի նոր սերնդի ընդունմամբ, զղջմամբ ու հատուցմամբ: Բայց միևնույն է, այդ դեպքում էլ երբեք չի մոռացվի այն, ինչը եղել է մեկ դար առաջ:

-Խաչիկ, անդրադառնանք նաև ձեր մյուս գործունեությանը: Դուք նաև Ձախ Հարութի հայաստանյան պրոդյուսերն եք: Պրոդյուսերական այլ աշխատանքներով զբաղվո՞ւմ եք:

-Իմ մասին շատ խոսել չեմ սիրում, բայց մեկ-երկու բառով կասեմ, որ այսօր արդեն շատ հայտնի արտիստներ իրենց սկզբնական քայլերն այս դաշտում ինձ հետ են սկսել: Շատերի համար պրոդյուսեր եմ եղել, խորհրդական, համագործակցել ենք ու առաջ շարժվել: Գոհ եմ, որ այսօր Հարութի հետ եմ աշխատում, նրա հետ շփման ընթացքում ես հին ու նոր Երևանն եմ զգում, անցյալիս ու ներկայիս խաչմերուկներով ընթանում եմ՝ մեծ սեր տածելով ու շատ բան սովորելով: Իհարկե, չեմ բացառում նաև, որ հետագայում կհամագործակցեմ և՛ նոր անունների, և՛ արդեն իսկ հայտնիների հետ:

-Այսօր հայկական տեսահոլովակները համաշխարհային մրցակցությանը չեն դիմակայում: Ինչպե՞ս դա կբացատրեք` երևակայության բացակայությա՞մբ, որակո՞վ, թե՞ գումարով:

-Պետք է չհամաձայնեմ ձեզ հետ: Այսօր ունենք շատ գեղեցիկ տեսահոլովակներ: Ցավոք, երբեմն գերակշռում են անիմաստությունն ու անբարոյականությունը: Սակայն նշեմ, որ ժամանակակից երիտասարդությունը բախտավոր է, քանի որ ձեռքի տակ ունի ամենակատարյալ տեխնիկական միջոցները: Մնում է միայն շնորհք և Աստծուց տրված տաղանդ: Նախկինում աշխատում էինք «քարից հաց քամելու» սկզբունքով, անհնարինը հնարավոր դարձնելու ամենաանհավանական ջանքերով և նվիրումով:

-Ռեժիսոր Խաչիկ Եղոյանի անուն-ազգանունը ռեժիսորական դաշտում քաջ ծանոթ էՁեր ռեժիսորական հմտությունները չե՞ք ցանկանում օգտագործել նաև կինոոլորտում:

-Շնորհակալ եմ նման կարծիքի համար, թեև, կարծում եմ, «քաջ ծանոթ» ասվածը մի քիչ ուռճացված է: Ինչ վերաբերում է կինոյին, ասեմ՝ մասնագիտությամբ կինոռեժիսոր չեմ, սակայն այդ ոլորտ մտնելու նպատակներ ունեմ և պետք է փորձեմ: Բայց ինձ չեմ ների, որ իմ նկարահանած ֆիլմը ծնվի և մեռնի հենց ցուցադրման օրերին: Չեմ շտապում, կցանկանայի նկարահանել այնպիսի ֆիլմ, որ իմ մայրամուտից առաջ կարողանամ սերունդներիս ներկայությամբ երեսս պարզ վերջին անգամ դիտել՝ մի փոքր հպարտության փշաքաղությամբ…

- Գո՞հ եք Հայաստանում ընձեռված մասնագիտական հնարավորություններից:

-Դեմ եմ, երբ ամեն մի փոքրիկ դժվարություն հանրայնացվում է՝ մեզ վրա ծիծաղել տալով մեր չուզողներին: Պետք է ոչ թե դժգոհենք, այլ գիտակցենք մեր ներսի սխալներն ու թուլությունները, դրանք շտկելով առաջ գնանք: Ամենակարևորը՝ դա անենք ժպիտով, որ նույնիսկ թշնամու համար դառնանք օրինակելի, այլ ոչ թե նողկալի ու ծիծաղելի:

-Դրսում հատկապես այս ոլորտի լավ մասնագետները մեծ պահանջարկ ունեն, հոնորարներից բողոքելու տեղ էլ չունեն: Երբևէ չե՞ք մտածել Հայաստանից մեկնելու մասին:

-Հայաստանից ես երբևէ չեմ նեղվել ու չեմ նեղվի: Երբեմն ղեկավարներից եմ նեղվում, վիրավորվում, իսկ հետո Աստծուն աղոթում եմ նրանց մաքրվելու, շտկվելու համար, աղոթում եմ ի բարօրություն մեր հայ ժողովրդի: Աստված չտա, որ երբևէ ստիպված լինեմ մեկնել: Հավատացեք, դա իմ վերջին օրը կլինի:

-Խաչիկ, ձեր հայրիկի` սիրված ու ճանաչված հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանի անունը որքանո՞վ է օգնել կամ խանգարել:

-Հորս անունն արդեն իսկ օգնել է ինձ նրանով, որ հայի ազգանուն ունեմ ու պատվով եմ ապրում: Մասնագիտական բնագավառում և՛ ես, և՛ հայրս չենք ցանկացել, որ նա միջամտի: Իհարկե, երբեմն փոքրիկ խորհուրդներով օգտակար է լինում:

-Ծնողները սիրում են զավակների համար ճանապարհ հարթել, որը երբեմն դառնում է կողմնակի խոսակցությունների առիթ: Նման խոսակցությունների միջով շա՞տ եք անցել:

-Չեմ ստի, եթե ասեմ, որ ընդամենը մեկ անգամ եմ լսել չար լեզվի արտահայտություն, թե եթե հայրը չլիներ, ի՞նչ պիտի աներ: Ես միջնորդների միջոցով միայն փոխանցել եմ հետևյալը. «Իսկ ի՞նչ եմ արել դեռ» (ժպտում է):

- Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները, հաճա՞խ եք բանավիճում:

-Մեր տարիքային տարբերությունը մեծ է, ինչն էլ պատճառ է դառնում, որ գրեթե քննարկումներ չանենք միմյանց հետ: Երբեմն մեկ-երկու խոսքով մասնագիտական հարցերում միմյանց հասկանում ենք: Ընդհանրապես, սեր ու խաղաղություն է իշխում մեր ընտանիքում:

-Անձնական հարցերը չշրջանցենք: Այսօր հայ «Ցանկալի փեսացուների» տասնյակը համալրում եք նաև դուք: Չե՞ք մտածում ընտանիք կազմելու մասին:

-Ցանկալի փեսացո՞ւ: Առաջին անգամ եմ լսում, չափազանցնում եք: Ցանկալի լինեի, տանը չէի մնա (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ, կարծում եմ՝ իմ ժամը դեռ չի եկել:

-Ձեր կյանքում կա՞ այն միակը, ում հետ կուզեք ընտանիք կազմել:

-Նրան ամուր կգրկեմ ու կասեմ՝ ինչո՞ւ այսքան ուշացար: Պիտի ուշացման համար ներեմ ու սիրեմ մինչև կյանքիս վերջ: Ես չեմ կարող չսիրել: Ո՞ւմ է պետք առանց սիրո միությունը:

-Ինչպիսի՞ն պետք է լինի նա:

-Եթե իմ ապագան իմ ծնունդից առաջ որոշված է Բարձրյալի կողմից, ուրեմն կհարմարեցնեմ ինձ:

-Խանդո՞տ եք:

-Կպատասխանեմ իմ սիրելի Խաչատուր Ավետիսյանի խոսքերով. «Առանց փշի վարդ չի լինում, առանց խանդի՝ սեր»:

-Հե՞շտ եք մարդկանց Ձեր կյանք թողնում:

-Հավատացեք, մարդիկ շատ գեղեցիկ են, Աստծո արարչագործության ամենակատարյալ էակներն են: Նրանց քո սիրտ ներս չթողնելը, չկարեկցելը, չսիրելն ու չօգնելը մեծագույն մեղք է: Իմ դռները բաց են մարդու առաջ:

-Կարծեք այս դարի մարդ չլինեք:

-Ասեմ, որ վատ կողմեր էլ ունեմ: Ինձ տանջում է հնարավորություններիս սահմանափակ լինելը: Նեղվում եմ, որ շատ կարիքավորների օգնելու հնարավորություն չունեմ: Այդ մարդկանց աչքերն անընդհատ նայում են ճանապարհին, լույս են փնտրում, մի բարի մարդուց օգնություն: Խիղճս թելադրում է, որ պետք է նրանց օգնեմ, սակայն հնարավորություններս առաձգական չեն:

Այդ անկարողությունը, կարծում եմ՝ իմ շատ ու շատ վատ կողմերի պատճառով է, իսկ լավ կողմը միայն այն է, որ ես գիտակցում եմ իմ մեղքերը, զղջում եմ և դա ինձ տալիս է հույս և համբերություն:

Վստահ եմ՝ Աստված մի օր ինձ կտա այն, ինչ ուզում եմ:

-Եվ ի՞նչ եք ուզում:

-Ուզում եմ այն, ինչ բոլորին եմ տալու: Ինքներս միայն մեզ համար ապրելը մահից սարսափելի է:

Նելլի Մարգարյան

Завершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом Царукяном