Life.panorama.am-ը գրում է.
Երգահան հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը ապրիլի 29-ին կրկին մայր է դարձել: Նրա գեղեցիկ ընտանիքում նոր անդամ է ավելացել, ում հայրիկի եւ քույրիկի ընտրությամբ անվանել են Յանա:
«Ճիշտ է՝ մայրանալու զգացողություններն ինձ, փառք Աստծո, ծանոթ էին, բայց զգացողությունների տարբերություններ կային. առաջինի դեպքում քեզ ծանոթ չեն այդ ապրումները, հուզական դաշտն ավելի մեծ է, շատ ես կենտրոնանում նմանությունների վրա, իսկ երկրորդի պարագայում ավելի շատ մտածում եմ, որ բալիկդ առողջ լինի, մնացած ամեն ինչ արդեն երկրորդական է»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Մարինան:
Ի դեպ՝ երգահանը դեմ է կեսարյան հատմանը.
«Ինչպես Եվուլիս դեպքում, այս անգամ էլ բժշկիս զգուշացրի, որ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կեսարյան հատման դիմի: Ես չեմ ընդունում արհեստական միջամտությունը, կարծում եմ, եթե խնդիր չկա, ապա կինը պետք է իր ուժերով ունենա իր բալիկին, չէ՞ որ դա բնությունից է կնոջը տրված»,- նշեց նա:
Ի դեպ՝ Մարինան պատմեց, որ մեծ աղջիկը, ով դեռ 1 տարեկան եւ 9 ամսական է, շատ ջերմ է ընդունել փոքրիկ քույրիկին.
«Նախ պետք է ասեմ, որ մենք իմ ողջ հղիության ընթացքում Եվայի հետ հոգեբանական զրույցներ էինք ունենում, նրան բացատրում էինք, որ մամայի փորիկում իր քույրիկն է ապրում եւ շուտով նա գալու է, որպեսզի իր հետ խաղա: Դեռ հղիության ընթացքում Եվուլս գալիս էր, համբուրում փորիկս ու անհամբեր սպասում իր փոքրիկ քույրիկին, իսկ երբ նրանք հանդիպեցին, Եվուլը պինդ գրկել էր նրան, համբուրում էր ու ասում «իմ կուկա»»,- պատմեց երգահանն ու հարցին, թե ինչպես է առօրյայի կազմակերպումը պատկերացնում, որ Եվան իրեն անտեսված չզգա, պատասխանեց.
«Այ դա ինձ տանջող ամենամեծ մտավախությունն է: Պետք է շատ ուշադիր լինեմ Եվայի հանդեպ, նա շատ խելացի երեխա է, ամեն ինչ հասկանում է ու չեմ ուզի, որ իրեն անտեսված զգա: Մեզ օգնում են մեր տատիկները, Եվան էլ շատ է կապված տատիկների հետ»:
Մարինա Թագակչյանը պատմեց նաեւ ամուսնու զգացողությունների մասին.
«Ես դեռեւս ամուսնացած չէի, երբ մտածում էի, որ իմ երեխաների հայրը անկախ նրանից ինչպիսի ամուսին կլինի, բայց պետք է հրաշալի պապա լինի, ու իմ ընտրության հարցում չսխալվեցի: Ամուսինս անհավանական լավ հայր է, ուշադիր, զգացմունքային, ես շնորհակալ եմ Աստծուն նրա համար: Առաջին աղջկաս անունը ես էի ընտրել, այս անգամ, երբ իմացանք, որ աղջիկ է, որոշվեց, որ վերջնական ընտրությունը կկայացնի ամուսինս: Պատկերացրեք՝ Յանա անունը առաջիններից էր, որ նրա մտքով անցել էր, որն էլ վերջում դարձավ մեր դստեր անունը: Բացի այդ, Եվուլը չգիտեմ ինչու անընդհատ ասում էր «Անյա» ու հասկացանք, որ բառախաղի դեպքում Յանան շատ համահունչ կարող է լինել: Այնպես որ, մեր աղջկա անվան համար համատեղ ընտրությունը թերեւս ամենաճիշտն էր»,- պատմեց կրկնակի մայրիկը:
Մարինա Թագակչյանը պատմեց նաեւ, որ միշտ երազել է երեք տղա ունենալու մասին, ավելին՝ իրեն աղջկա մայրիկի դերում չի պատկերացրել.
«Միշտ մտածում էի, որ աղջիկն իր ողջ կյանքի ընթացքում շատ է տանջվում, իսկ տղաները կարող են իրենք իրենց պաշտպանել, ես ինձ չէի էլ պատկերացնում աղջկա մայրիկի դերում ու չեմ թաքցնի՝ երկուսի դեպքում էլ սեռն իմանալու ժամանակ մի փոքր տխրել եմ: Բայց այսօր փառք եմ տալիս Աստծոն, ուրախ եմ, որ երկրորդն էլ է աղջիկ, քանի որ քույիկին քույր է պետք, իսկ ապագայում հուսամ Աստված մեզ մի որդի կպարգեւի»,- ավարտեց նա: