Հայաստանի և ԼՂ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը մշակելու աշխատանքներ են տարվում
ОБЩЕСТВОՀայաստանի և Արցախի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը պատրաստելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Մայիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Ես տեղեկություններ ունեմ արտգործնախարարությունից, որ այդ համաձայնագիրը մշակելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Դա այնքան էլ հեշտ աշխատանք չէ: Երբ կավարտվեն աշխատանքները, հնարավոր կլինի ստորագրել այդ համաձայնագիրը»,- նշեց Մինասյանը:
Պատգամավորի խոսքով՝ Արցախի Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու մասին ՀՀ նախագահի հայտարարությունը կանխարգելիչ ու սթափեցնող ազդեցություն է ունեցել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև միջազգային հանրության համար: «Միջազգային հանրությունը պետք է հստակ տեսնի. եթե ինքն իր գործիքակազմով չի ազդում Ադրբեջանի վրա, ապա պետք է ակնկալի, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի այդ պարտականությունները, որովհետև հստակ է, որ Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Եթե միջազգային հանրությունը հապաղում է այդ հարցում, ապա Հայաստանը հապաղելու իրավունք չունի»,- ընդգծեց պատգամավորը:
Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, թե «կրակի հետ է խաղում»: Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է արձանագրի, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի ռեժիմը և Ադրբեջանն է ագրեսորը, իսկ այդ դեպքում արդեն հստակ կլինի, որ նման հայտարարություններով էրդողանը սատարում է ագրեսորին: «Մենք պետք է կարողանանք փաստարկված դարձնել, որ հենց Ադրբեջանն է ագրեսորը, որից հետո ավելի հեշտ կլինի նվազեցնել Թուրքիայի ազդեցությունը հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- եզրափակեց պատգամավորը:



