«Տասնհինգ դիտակետ» ցուցահանդեսին կներկայացվի 15 լուսանկար
КУЛЬТУРА
Շվեյցարացի լուսանկարիչ, արվեստագետ Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» խորագիրը կրող ցուցահանդեսը կբացվի «Հայ Արտ» մշակույթի կենտրոնում: Ցուցահանդեսի շնորհիվ հայ արվեստասերը հնարավորություն կունենա ծանոթանալ ժամանակակից արվեստի և ճարտարապետական տարածքների միավորմանն ուղղված հայացքին։
«Շատ ուրախ ենք, որ կարող ենք ներկայացնել Ֆելիչե Վարինիի ցուցահանդեսը, որը կբացվի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: Շվեյցարիան բազմալեզու երկիր է, ֆրանսերենը մեր երկրի պաշտոնական լեզուներից է: Մենք ամեն տարի Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում ենք կազմակերպում, որը հիմնականում մշակութային է լինում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսի բացմանը նվիրված ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գաս սերը:
Դեսպանը տեղեկացրեց, որ Ֆելիչե Վարինիի ցուցահանդեսը կբացվի մայիսի 3-ին: «Ֆելիչե Վարինին շատ յուրահատուկ արվեստագետ է, որի աշխատաոճը մեզ շատ է տպավորել: Կարելի է ասել, որ ճարտարապետությունը նրա կտավն է, քանի որ նա շատ յուրահատուկ ու արտասովոր արվեստ է ստեղծում: Մենք շատ ուրախ ենք, որ նա ընդունեց Հայաստան գալու հրավերը.նա առաջին անգամ է այստեղ»,-շեշտեց Լուկաս Գասսերը:
Նկարիչ Ֆելիչե Վարինին լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը մի քիչ արտասովոր է:
«Ցուցահանդեսն ընդգրկում է տասնհինգ լուսանկար, որոնցից յուրաքանչյուրը պատկերում է որոշակի դիտակետից ստեղծած աշխատանք։ Իմ բոլոր ստեղծագործություններն ունեն մեկ դիտակետ, երբ նայում եք այդ դիտակետից, ամբողջ աշխատանքը կապակցվում է: Երբ նայում եք այլ դիտակետից, ամեն ինչ բեկոր-բեկոր առանձնանում է, և դուք այլ պատկեր եք տեսնում»,-ընդգծեց նա` հավելելով, որ աշխատանքներն իրականացվել են քսան տարում:
Ֆելիչե Վարինիի «Տասնհինգ դիտակետ» (Quinze points de vuе) խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Այն կտևի մայիսի 3-13-ը:
Ֆելիչե Վարինին (ծնվել է 1952թ.) ավելի քան 20 տարի հետազոտում է ճարտարապետական կառույցներ և տարածքներ։ Վարինին, ստեղծագործության առարկա ընտրելով փակ տարածությունները, քաղաքային միջավայրը, վերջիններիս մեջ ստեղծում է երկրաչափական աբստրակտ ինստալյացիաներ, որոնք առաջին հայացքից գուցե ըմբռնելի չեն դիտողի համար։ Սակայն դրանք անսպասելիորեն մեկ կետում՝ «դիտակետում» կենտրոնացնելով հանդիսատեսի հայացքը, բացահայտում են տվյալ ճարտարապետական կառույցի առանձնահատկությունները։ Շվեյցարացի արվեստագետը Հայաստանում հանդես կգա նաև ստեղծագործա կան հանդիպումներով:




















































