Զոհված հորեղբոր հիշատակին Միշա անունը ստացած զինվորը 18 տարի անց զոհվեց կրկին Մարտակերտում
ОБЩЕСТВОTert.am-ը գրում է.
Արցախում զոհված Արագածոտնի մարզի Վարդաբլուրի ժամկետային զինծառայող 20-ամյա Միշա Աղաջանյանը ծնողների միակ զավակն էր: Ընտանիքի հարևան Մացակ Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե ընտանիքը ծայրաստիճան աղքատ պայմաններում է ապրում, մայրը և հայրը առողջական խնդիրներ ունեն:
«Մայրը դպրոցում հավաքարար էր, բայց հիմա էլ առողջապես ի վիճակի չէ աշխատել, հայրը՝ պահակ է: Այս գյուղերն անասնապահական շրջան է, բայց իրանք ի վիճակի չեն անգամ այդ անասուները պահեն, վերին աստիճանի աղքատ են»,-ասաց նա:
Մացակ Սողոմոնյանը նշեց, որ տղան Միշա անունը ստացել էր զոհված հորեղբոր հիշատակին, ով 1994թ-ի արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվել էր Մարտակերտում: «Ճակատագրի հեգնանքով նույն Մարտակերտում էլ, տանկում զոհվել է նաև Միշան Աղաջանյանը »,-ասաց նա:
Հարևանը նշեց, թե բոլորը տղային սիրում էին, ազնիվ տղա էր: «Գերազանց ծառայել է, նաև պատվոգրեր ունի»,-ասաց նա:
Մացակ Սողոմոնյանը նշեց, թե հայրը խիստ վիրավորված է իրեն զգում, որ տղան, ընկերներով հայրենիքի համար, ըստ արժանվույն չի գնահատվել: «Հուղարկավորությանը բարձրաստիճան և ընդհանրապես զինվորականներ չեն այցելել, անգամ զինկոմիսարիատը, որը նրան տարել էր բանակ, պարտավոր էր ներկա լինել, բայց չէր եղել: Միայն համագյուղացի պատգամավոր Վահրամ Մկրտչյանն ու ծննդով ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանն են եկել և մարզի ռազմական ոստիկանապետ Ավետիք Հարությունյանը»,-ասաց նա և նշեց, որ պետականորեն սահմանված աջակցությունից զատ, այլ օգնություն ևս ընտանիքը չի ստացել, չնայած որ կարիքը շատ ունի:
Տեղեկացնենք, որ Միշա Աղաջանյանի ընտանիքին աջակցության համար բացվել է հաշվեհամար. ԱԿԲԱ բանկ 220421639422000 ։



