Գողացված 5 տոննա ձմերուկը գյուղացու վրա թանկ կարժենա
ОБЩЕСТВОԱրարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ քաղաքացու կողմից զգալի չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ:
Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, Արթուր Բաղդատյանն անասուններին ձմերուկի արտի հարակից դաշտում արածացնելու ժամանակ նկատել է աճած ձմերուկներ եւ որոշել գողանալ դրանք: Իր հանցավոր դիտավորությունն իրականացնելով 2015թ. հուլիսի 20-28-ն ընկած ժամանակահատվածում՝ Արթուր Բաղդատյանը կաթնային համալիրից ձիով գնացել է Քյալաշ Սուլթանյանի ձմերուկի դաշտը եւ 3-4 անգամով գողացել 300 հարյուր հազար դրամ արժողությամբ հինգ տոննա ձմերուկ:
Բաղդատյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին մասով, ինչը նախատեսում է կամ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք կամ մեկից երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ կամ մեկից երկու ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկում:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հսկողությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



