«Անհրաժեշտ է ազատվել թուրք խոհարարներից». «Հանուն օրենքի» հասարակական շարժում
ОБЩЕСТВО«Հանուն օրենքի» հասարակական շարժումը հանդես է եկել մի հայտարարությամբ, որով ոչ միայն կոչ է արել հրաժարվել թուրքական ապրանքներ գնելուց, այլեւ անդրադարձել է նրան, որ Երեւանի մի շարք սննդի կետերի խոհարարները եւս թուրք են: Շարժման համակարգող Արման Ղուկասյանը իր հոդվածում մասնավորապես գրել է, որ այսօրվա Թուրքիայի իշխանությունները Էրդողանի գլխավորությամբ գտնվում են մարազմատիկ վիճակում եւ ամբողջովին կտրված են իրականությունից:
«Էրդողանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ տառապում է իշխանության մոլուցքով եւ ամենավառ ապացույցը սահմանադրություն փոխելն էր` Թուրքիան նախագահական հանրապետություն դարձնելու նպատակով: Ստանձնելով նախագահի պաշտոնը` Էրդողանը փորձեց իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը, որի ամենագլխավոր խոչընդոտը Հայաստանն է: Այդ նույն նպատակն իրականացնելու համար երիտթուրքերը 1915թ. ոչնչացրեցին 1,5 միլիոն հայ: Բայց հայերը, ի զարմանս թուրքերի, մինչ օրս ապրում են եւ շարունակում են շատանալ»,- գրել է նա:
Ըստ Ղուկասյանի՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են իրենց նախնիների սկսած գործը` փորձելով ոչնչացնել վերը նշված խոչընդոտը, ասինքն՝ հայ ժողովրդին: «4-օրյա ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը, ծառայելով Թուրքիային, փորձ արեց իրականացնել Էրդողանի ծրագիրը: Վստահորեն կարող ենք ասել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց առջեւ դրել են շատ հստակ խնդիր` վերացնել Հայաստանի Հանրապետությունը: Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ոչ միայն շարունակում ենք մեծ քանակով թուրքական ապրանքներ ներմուծել Հայաստան եւ դրանով նպաստել թշնամու խնդրի շուտափույթ իրականացմանը, այլ նաեւ նախընտրում ենք Թուրքիայի քաղաքացիներին` խոհարարներին ապահովել աշխատանքով: Խոսքը գնում է այն մասին, որ Երեւանում քիչ չեն այնպիսի սննդի կենտրոններ, որտեղ աշխատում են ազգությամբ թուրք եւ Թուրքիայի քաղաքացիներ»,- հավելել է շարժման համակարգողը:
Օրեր առաջ «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամները կառավարությանն ու հանրությանը կոչ արեցին հրաժարվել թուրքական ցանկացած տեսակի ապրանքից` ելնելով ազգային արժանապատվությունից եւ անվտանգությունից` վախենալով, որ ապրանքների միջոցով հնարավոր կլինի բակտերիական դիվերսիա իրականացնել: «Բայց այսօր պարզվում է, որ, դեռևս չազատվելով թուրքական ապրանքներից, մենք ավելի մեծ սպառնալիք ունենք, եթե հաշվի առնենք այն, որ մեզ եւ մեր ընտանիքներին սպասարկում են թուրք խոհարարներ: Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, քանի որ այդ երկու պետությունները մեկ ազգ են: Մենք պետք է հրաժարվենք այն ամենից, ինչն իր մեջ պարունակում է թուրքական պիտակ, քանի դեռ մեր թշնամին, ատամները սրած, երազում է մեր վախճանի մասին»,- նշել է Արման Ղուկասյանը:



