Բանակից պիտի գամ ու ես պահեմ ծնողներիս. զոհված 19-ամյա զինծառայողը Վանաձորից էր
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետեւանքով ապրիլի 26-ին մահացու վիրավորում ստացած ՊԲ զինծառայող Հայկ Մինասյանը Վանաձորից էր: 19-ամյա երիտասարդն ընտանիքի փոքր երեխան էր՝ իրենից մեծ երեք քույր ունի: Նա ավարտել էր Վանաձորի թիվ 5 դպրոցը:
NEWS.am-ի հետ զրույցում Հայկի հարեւանները պատմեցին, որ մի քանի տարի առաջ նրա ընտանիքը տեղափոխվել էր Ուկրաինա, որտեղ որոշ ժամանակ բնակվելուց հետո նորից վերադարձել են Հայաստան: Հայկը սովորել է Եվրոպական տարածաշրջանային քոլեջի Վանաձորի մասնաճյուղում:
«Հայկը, մեր ուրիշ Հայկը, օրիգինալ, լուրջ հումորով: Դասի ժամանակ եթե բոլորը ծիծաղում էին, իսկ Հայկը լուրջ նստած էր, ուրեմն ինքն էր հեղինակը՝ քթի տակ մի բան էր ասել, որի պատճառով բոլորը ծիծաղում էին: Հանգիստ, հանդարտ բնավորություն ուներ: Առհասարակ լավ էր սովորում: Եթե նույնիսկ մի բառ կարդացած չլիներ, տրամաբանությունն այնքան ուժեղ էր, որ լավագույն գրավորն իրենն էր լինում»,- ասում է Լիլյա Աբրահամյանը՝ Հայկի դասախոսը:
Նշենք, որ զոհված զինծառայողի ընտանիքը գտնվում սոցիալական ծանր պայմաններում: Մայրը՝ Մոսկվայում է, մեկնել է այնտեղ կարի արտադրամասում աշխատելու. «Չէր ուզում ուսումը շարունակել: Համոզում էինք, բայց որոշել էր, որ բանակից հետո պիտի աշխատի: Մի օր, երբ երկար համոզեցի, ասաց՝ «Ես տղամարդ եմ, հերս ու մերս ինձ տանջանքով էսքան պահել են: Հիմա պիտի գամ ու ես պահեմ իրանց»:



