ԱԺ ղեկավարությունը ավտոբուսի պայթյունի հարցով մշտական կապի մեջ է ուժային կառույցների հետ
ОБЩЕСТВОԱզգային ժողովի ղեկավարությունը Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետ կապված կապի մեջ է ուժային կառույցների հետ: Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը պատգամավորներին վստահեցրեց, որ առաջին իսկ հստակ տեղեկատվության դեպքում, անմիջապես նրանց տեղյակ կպահի:
«Երեկ Երևանի Հալաբյան փոցղոցում ավտոբուսի պայթյուն է եղել, որի արդյունքում զոհվել են մեր երկու քաղաքացիներ: Ես մեր բոլորի անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել զոհվածների հարազատաներին և մաղթել շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:
Ես խոսել եմ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ: Նա ասաց, որ երկու երիտասարդների վիճակը կայունանում է, բոլոր վիրավորների մոտ դրական դինամիկա կա: Մենք կապի մեջ ենք ուժային կառույցների հետ, համապատասխան աշխատանքներն պահին էլ շարունակվում են: Անհրաժեշտության դեպքում մենք ձեզ ինֆորմացիա կհաղորդենք:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ մտահոգություն հայտնեց, որ ավտոբուսի պայթյունից անցել է շուրջ 12 ժամ, սակայն իրավապահ մարմինները պայթյունի պատճառների մասին պաշտոնական որևէ վարկած չեն ներկայացրել: «Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել պաշտոնական տեղեկատվության վստահելիության խնդրի վրա: Մարդիկ տեղեկատվությունն ավելի շուտ ստանում են սոցիալական ցանցերում կատարվող գրառումներից, իսկ պաշտոնական մարմինները միայն 3-4 ժամ հետո սկսում են հաստատել: Սա է իմ մտահոգությունը, որը ես ցանկանում էի արտահայտել»,- ասաց Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ամբողջ գիշերվա ընթացքում դեպքի վայրում են եղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ովքեր պարբերաբար և օպերատիվ տեղեկատվություն են փոխանցել հանրությանը; «Այս պահին էլ աշխատանքները շարունակվում են: Երբ լինեն հստակ տեղեկություններ, մենք ձեզ այդ մասին կտեղեկացնենք»,- եզրափակեց Շարմազանովը:



