Ջորջ Քլունին Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ОБЩЕСТВОՀոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և ներկա գտնվեց հոգեհանգստյան կարգին, որը մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Հնչեց Տերունական աղոթքը, բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, նաև աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդներն ու մասնակիցները, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի մասնակիցները այդ թվում` տարբեր ցեղասպանությունների վերապրածներ:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ-ին: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ 44 նահանգներ:



