Պարզվում են պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները. մեկ անձ ձերբակալվել է
ОБЩЕСТВОԱռաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Աղաբեկյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 14:30-ի սահմաններում, N զորամասի «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պ.Եգորյանը, խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, ինքնաձիգից կրակոց է արձակել, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտյուշի Աղաբեկյանը կրծքավանդակի աջ կեսի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում։
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Պ.Եգորյանը ձերբակալվել է:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ
Արդեն տեղեկացրել էինք, որ 2016թ. ապրիլի 21-ին, մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, Ջերմուկ քաղաքային համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ 1996թ. ծնված Կարեն Արտուշի Աղաբեկյանը: Դեպքը տեղի է ունեցել ավտոխցիկում` զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:
Կարեն Արտուշի Աղաբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին ժամը 18.00-ին, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 23-ին ժամը 13.00-ին:



