Հիմնադրամը աջակցում է առաջնագծին եւ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքներին
ОБЩЕСТВОԳավառ քաղաքի Հացառատ թաղամասում գործող «Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամ»-ը ապրիլին արդեն 4,4 միլիոն դրամի չափով աջակցություն է հատկացրել առաջնագծում գտնվող Հայոց բանակի մարտիկներին ու կամավորներին, ինչպես նաեւ՝ Գեղարքունիքի մարզից ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված 3 զինծառայողների ընտանիքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հացառատի զարգացման բերեգործական հիմնադրամ»-ի տնօրեն Արմեն Եդոյանը, հիմնադրամի կողմից հանգանակված 2 միլիոն դրամի հաշվին ԼՂՀ օպերատիվ շտաբին է հանձնվել պահանջված սննդամթերքը, որի համար ստացվել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի շնորհակալագիրը: Իսկ ապրիլի 20-ին հիմնադրամի կողմից 600 հազար դրամի չափով դրամական օգնություն է հատկացվել ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Երանոս եւ Զոլաքար գյուղերից զոհված զինծառայողներ Նորիկ Սարգսյանի, Գագիկ Մելքոնյանի, Դավիթ Հայրապետյանի ընտանիքներին: Նույն օրը հիմնադրամի կողմից գ նվել եւ առաջնագծում գտնվող զինվորների համար ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությանն է հանձնվել 1 միլիոն 800 հազար դրամի զինվորական կոշիկ: «Հիմնադրամը Հացառատում եւ արտերկրում ապրող հացառատցիներից առաջիկայում եւս միջոցներ կհանգանակի եւ կուղղի նույն նպատակներին՝ առաջնագծում կանգնած մեր զինվորներին օժանդակելուն, զոհված զինծառայողների ընտանիքներին սատար կանգնելուն, հայրենասիրական ամենատարբեր ձեռնարկներին»,-նշեց «Հացառատի զարգացման բերեգործական հիմնադրամ»-ի տնօրենը:
Խոսրով Խլղաթյան



