Գիտնականները հաշվել են 115 տարվա ընթացքում աշխարհում տարերային աղետների պատճառած վնասները
ОБЩЕСТВОԳերմանիայում հետազոտողները հաշվարկել են, որ 20-րդ դարասկզբից մեր մոլորակի վրա տեղի ունեցած տարերային աղետները 7 տրիլիոն դոլարի վնաս են հասցրել համաշխարհային տնտեսությանը: Նրանց կողմից կազմված տվյալների բազայում գրանցված Է 35 հազար կատակլիզմ, որոնք ավելի քան 8 մլն մարդու կյանք են խլել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Գիտնականների խոսքով՝ անցյալի իրադարձությունների իրենց վերլուծությունը կօգնի շատ երկրների իշխանություններին՝ նախապատրաստվելու տարերային աղետներին ու դրանց հետեւանքներին: Նրանց հետազոտության արդյունքները ներկայացվել են Երկրի մասին գիտությունների եվրոպական միության համագումարում:
Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ գիտնականներ ջրհեղեղների, երաշտների, փոթորիկների, հրաբուխների ժայթքումների, երկրաշարժերի եւ անտառային հրդեհների վերաբերյալ 90-ից ավելի լեզուներով հաղորդումներ են ուսումնասիրել մամուլում, ինչպես նաեւ արխիվների տվյալներ:
1900 եւ 2015 թվականների միջեւ ընկած ժամանակաշրջանում տնտեսական վնասի մոտավորապես 40 տոկոսի պատճառը եղել են ջրհեղեղները, մոտավորապես 25 տոկոսը՝ երկրաշարժերը, շուրջ 20 տոկոսը՝ փոթորիկները, 12 տոկոսը՝ երաշտները, 2 տոկոսն անտառային հրդեհները եւ մինչեւ 1 տոկոսը՝ հրաբուխների ժայթքումները:
Թեեւ բացարձակ արտահայտությամբ տնտեսական վնասները վերջին հարյուր տարվա ընթացքում աճել են, այժմ դրանք կազմում են շենքերի, ճանապարհների եւ մարդկանց կողմից ստեղծված այլ ենթակառուցվածքի միագումար արժեքի ավելի քիչ տոկոսը: Դա, ինչպես նշում են հետազոտողները, նշանակում Է, որ մարդկությունը սովորել Է ավելի լավ գլուխ հանել տարերային աղետների հետեւանքներից:
Տարերային աղետների հետեւանքով մահացության մակարդակը վերջին ժամանակներս մնում Է կայուն՝ տարեկան մոտավորապես 50 հազար մարդ: Հաշվի առնելով այն, որ Երկրի բնակչությունն աճում Է, դա նշանակում Է, որ համամասնական առումով այդօրինակ աղետներից մահացության մակարդակն ընկնում Է:



