Life.panorama.am-ը գրում է.
Ինչպես հայտնի է, «Եվրատեսիլ 2016»-ում Իվետա Մուկուչյանի հետ միասին ելույթ կունենան հինգ բեք-վոկալիստներ: Նրանց շարքում է նաեւ Մաշա Մնջոյանը, ում հետ զրուցել է Life.panorama.am-ը:
Մեզ հետ զրույցի ընթացքում Մաշան պատմեց, որ թեպետ միայն օրերս է հայտարարվել բեք-վոկալիստների անունները, բայց ընտրությունն ու հավաքագրումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբերից.
«Ճիշտն ասած՝ դեռեւս 2015-ի դեկտեմբերից Եվրատեսիլի հայաստանյան կազմակերպությունը տարբեր երգչուհիների էին հրավիրում, որպեսզի գտնեին «LoveWave» երգին ու Իվետայի ձայնին համապատասխան բեք-վոկալիստներ: Հենց այդ ժամանակ էլ հրավեր ստացա ու մեծ ուրախությամբ գնացի եւ մի փոքրիկ հատված երգեցի: Կատարումիցս հետո ինձ ասացին կզանգահարենք ու շատ չանցած եկավ սպասված զանգն ու իմացա, որ ինձ ընտրել են որպես բեք-վոկալ»,- պատմեց Մաշան:

Երգչուհու խոսքով՝ ուրախությունը ինքնանպատակ չի եղել.
«Ինձ համար կարեւոր էր ոչ թե այն, որ ես կանգնեի Եվրատեսիլի բեմում, այլ այն, որ ես էլ մեր երկրի կողմից իմ լուման կարող եմ ներդնել այդ կարեւոր մրցույթում: Ես շատ ուրախ եմ, որ այս տարի մենք ունենք արժանի մասնակից՝ ի դեմս Իվետայի ու ինձ համար արդեն մեծ ուրախություն է, որ հենց Իվետա Մուկուչյանի համար եմ բեք-վոկալ հանդես գալիս: Ուարխ եմ, որ մեր մնացած բեք-վոկալիստների հետ միասին կկարողանամ թիկունք լինել Իվետային, կոգեշնչենք մեր երգչուհուն: Ի վերջո սա անհատական երգչի մրցույթ չէ, այստեղ ներկայացվում է մեր երկիրը ու մենք էլ ամեն ինչ կանենք մեր երկրի հաղթանակի համար»,- նշեց Մաշա Մնջոյանը:

Այս ընթացքում Իվետայի հետ միասին աղջիկները բուռն աշխատանքային պրոցեսի մեջ են, այնպես որ անհատական գործունեությունը կտեղափոխեն մրցույթի ավարտից հետո: Մաշան նկատեց, որ հասցրել են ջերմ ու ընկերական մթնոլորտ ստեղծել՝ չէ որ բոլորին մեկ նպատակ է համախմբում.
«Մեզնից ոչ մեկ չի մտածում իր անձնական ամբիցիաների մասին, պետք է ճիշտ խմբակային աշխատանք կազմակերպել, որի կարեւորությունը բոլորս ենք հասկանում: Ինքս խմբակային աշխատանքի արդեն տարիների փորձ ունեմ, ոչ մի դժվարության այդ առումով չեմ հանդիպում: Աղջիկներով փորձում ենք գալ մի եզրակացության եւ լավագույնս անել այն, ինչ պահանջվում է մասնագետների կողմից»,- նկատեց երգչուհին:

Իսկ վերջում Մաշա Մնջոյանը մեր միջոցով իր բարեմաղթանքը հղեց Իվետա Մուկուչյանին եւ իրենց.
«Այս մրցույթը մեզանում շատ է կարեւորվում ու մեզ հաջողություն եմ մաղթում: Ինչպես մեր սպորտսմենները լավագույն պարգեւներով եկան Հայաստան, հուսամ մեզ էլ այդ հաջողությունը կժպտա եւ մենք էլ, եթե ոչ հաղթանակով, ապա գոնե լավ հորիզոնականով կվերադառնանք»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին` Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Իվետա Մուկուչյանի հետ բեմում կլինեն Քրիստինա Մանգասարյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Գյուլխասյանը, Անուշիկ Տեր-Ղուկասյանը եւ «LoveWave» երգի երաժշտության համահեղինակ Լիլիթ Նավասարդյանը՝ ստեղծելով երգչախմբի տպավորություն։



