Ադրբեջանի ցեղասպան ու բարաբարոս թուրքի դիմաց միայն հայոց բանակը չէ, ողջ հայ ժողովուրդն է. Արամ Ա
ОБЩЕСТВОՀերոս տղաներն իրենց արյունով են շաղախել Արցախի սրբազան հողն ու հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին ասել, որ աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող Արցախը, մեր իրավունքները մեզանից խլել: Սրանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի խոսքերն են, որոնք նա ասել է կաթողիկոսություն վերադառնալուց հետո նկարահանված տեսանյութում` ուղղված աշխարհասփյուռ հայերին: «Երեկ գիշեր վերադարձա Արցախից` ինձ հետ բերելով վստահությունը, որ Արցախը ազատ, անկախ ու հզոր Արցախ է` իր ամուր ոգով, տոկուն վճռականությամբ, իր խոր հավատքով ու անխախտելի մարտունակությամբ: Արցախում մեր ժողովրդի զավակներին ասացի` մենք ձեզ հետ ենք, մենք Արցախի հայոց բանակի հետ ենք, մեր արի տղաների հետ ենք, ովքեր իրենց արյունը թափեցին Արցախի պաշտպանության ու անկախության համար: Մեր տղաներն իրենց արյունով վկայեցին, որ Արցախը միայն հայ ժողովրդին է պատկանում: Հերոս տղաներն իրենց արյունով շաղախեցին Արցախի սրբազան հողն ու հայ ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին ասացին, որ աշխարհի վրա ոչ մի ուժ չի կարող Արցախը, մեր իրավունքները մեզանից խլել:
Արցախում մեր ժողովրդի ներկայությամբ, իմ խոսքը ուղղելով Ադրբեջանի ցեղասպան ու բարաբարոս թուրքին, ասացի, որ իր դիմաց միայն հայոց բանակը չէ, իր դիմաց ամբողջ հայ ժողովուրդն է: Հայ ժողովուրդը բանակի է վերածվել, և աշխարհում ինչպես այսօր, այնպես էլ անցյալում, ոչ մի ուժ չի կարողացել մեր ժողովրդի տոկունությունը խախտել: Աննվաճ, ազատության, խաղաղության, անկախության համար կռվելու մեր կամքը նվաճել:
Այսօր Արցախը մեզ է կանչում ինչպես մեր երգի մեջ ենք ասում, որոնք այսօր պատգամի վերածված հնչում են ու պիտի հնչեն մեր ժողովրդի կյանքից ներս: «Հայեր միացեք, միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք»: Այս է պատգամը Արցախի, լսենք այս պատգամը ու այս պատգամի ոգիով, հավատքով մասնակից դառնանք Արցախի պաշտպանությանը, Արցախի առավել տոկունության ու վճռականության մեր համահայկական պայքարին»,-ասում է Արամ Ա-ն:



