Արմավիրի մարզի երեք համայնքներում գործող քաղաքապետը պարտվել է
ПОЛИТИКАԱպրիլի 17-ին հանրապետության թվով 33 համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում մեծամասնությամբ վերընտրվել են գործող համայնքի ղեկավարները:
Գործող քաղաքապետները չեն ընտրվել Արմավիրի մարզի Աղավնատուն, Այգեվան եւ Փշատավան համայնքներում: Այստեղ քաղաքապետի պաշտոնն են զբաղեցրել համապատասխանաբար անկուսակցական Գնել Մաթեւոսյանը, Հրաչյա Հովհաննիսյանը եւ ՀՀԿ-ական Ազատ Քյարամյանը: Գործող համայնքի ղեկավարին իր ստացած քվեներով հաղթել է նաեւ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի դաշնակցական թեկնածու Հայկ Սարգսյանը:
Միակ կին քաղաքապետը, ով նաեւ ձայների ճնշող մեծամասնությամբ է վերընտրվել՝ 68-ից 66 քվեն իր օգտին եղել, Լոռու մարզի Դաշտադեմ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Մարինե Խռոյանն է: Վերոնշյալ համայնքում 177 ընտրողներից մասնակցել են 68-ը, եւ կին թեկնածուն 66 ձայնով վերընտրվել է: Ճանաչվել է միայն մեկ անվավեր քվեաթերթիկ:
Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում նույնպես գործող քաղաքապետն ընտրություններին մասնակցած քաղաքացիներից գրեթե բոլորի դրական քվեին է արժանացել: Այսպես, ՀՀԿ-ական համայնքի ղեկավար, Անուշավան Հարությունյանի վերընտրվելուն դեմ է քվեարկել միայն երկու հոգի, երեք քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



