250 հազար ճապոնացիներ լքել են իրենց տները ստորգետնյա ցնցումների սպառնալիքի պատճառով
ОБЩЕСТВОՃապոնիայի իշխանությունները ստորգետնյա նոր ցնցումների սպառնալիքի պատճառով տարհանում են շուրջ 250 հազար բնակիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Անցած շաբաթվա վերջին Կյուսյու հարավարեւմտյան կղզում տեղի ունեցած երկու ուժգին երկրաշարժերն առնվազն 42 մարդու կյանք են խլել, 11 բնակիչներ անհայտ կորած են համարվում:
Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել Է, որ առաջիկա օերերին սպասվում են ստորգետնյա նոր ցնցումներ:
Ճապոնիայի Կարմիր խաչի ներկայացուցիչները հայտնել են, որ բժիշկների հավելյալ խմբեր են ուղարկում ժամանակավոր ապաստարաններ:
Ուժգին երկրաշարժերից տուժած Կումամոտո պրեֆեկտուրայի տարհանված բնակիչների թիվը ապրիլի 18-ին հասել է 104 հազար 900-ի: NHK հեռուստաալիքի տվյալներով՝ պրեֆեկտուրայում առանց էլեկտրականության է մնում 34,5 հազար տուն ու բնակարան: Օիտայի պրեֆեկտուրայում առանց լույսի է մնացել 6,4 հազար տուն:
Երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1094-ի, որոնցից 1037-ն ապրում է Կումամոտո պրեֆեկտուրայում:
Ըստ Ռիխտերի սանդղակի մինչեւ 7,3 մագնիտուդով երկրաշարժերի մի ամբողջ շարք Կյուսյու կղզին պատուհասել է ապրիլի 14-ի երեկոյից՝ հանգեցնելով շենքերի ու կամուրջների համատարած փլուզումների, սողանքների եւ ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների վնասվածքների: Ընդամենը գրանցվել է շուրջ 500 ստորգետնյա ցնցում:
Միայն Կումամոտոյում ամբողջովին ավերվել է շուրջ 400 շենք, մասնակիորեն վնասվել է 1262 շինություն:
Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Կումամոտոյի պրեֆեկտուրայում երկրաշարժերը մինչ այժմ շարունակվում են 3-4 մագնիտուդի սահմաններում:



