Լելե-Թեփեն հետագայում մեզ համար գլխացավանք կստեղծի, ինչպես Օդնդաղը. Թաթուլ Հակոբյան
ОБЩЕСТВО
Ապրիլյան առաջին օրերին Արցախում բռնկված պատերազմական գործողությունների հետևանքով հակառակորդին զիջած բարձունքներից մեկը՝ հայտնի Լելե-Թեփեն, հետագայում մեզ համար գլխացավանքներ է ստեղծելու: Այս մասին Past.am-ի հետ զրույցում նշեց լրագրող Թաթուլ Հակոբյանը, ով պատերազմական նշված օրերին եղել է Արցախի առաջնագծում:
Նրա խոսքով՝ Լելե-Թեփեն նույնքան կարեւոր բարձունք է, որքան Օդնդաղը՝ հայ-ադրբեջանական շփման գծի Տավուշի մարզի հատվածում: «Ես գտնում եմ, որ Լելե-Թեփեն բավականին կարեւոր բարձունք է եւ հետագայում մեզ համար գլխացավանք կստեղծի, ինչպես գլխացավանք է ստեղծում Օդնդաղ սարը Ոսկեպար-Բաղանիս հատվածում»,- ասաց լրագրողը: Մյուս կողմից, նրա խոսքով, այն մարդիկ, ովքեր բարձունքը վերագրավելու կոչեր կանեն, պետք է պատրաստ լինեն իրենց որդիներին առաջնագիծ ուղարկել: «Ուզում եմ հետեւյալ հարցը հնչեցնել. ո՞ր զոհի հաշվին ենք մենք այդ բարձունքը հետ վերցնելու, ո՞ւմ տուն էր գնալու այդ դիակը: Իհարկե, կարելի է ցինիկ լինել եւ ասել՝ պետք է վերագրավել բարձունքը: Բայց այդ կոչեր անողները պատրա՞ստ են իրենց երեխաներին ուղարկել, որպեսզի նրանք դառնան զոհեր»,- նշեց Թաթուլ Հակոբյանը:
Լրագրողը նաեւ մի շատ կարեւոր դիտարկում արեց, ասելով հետեւյալը. «Եթե լրագրողներն առաջնագծում լավ չաշխատեին, ապա Լելե-Թեփեի եւ հարակից դիրքերի զիջումը հակառակորդին, այդպես էլ կարող էր հանրությանն անհայտ մնալ: «Եղան հրապարակումներ այն մասին, որ հայկական կողմը վերատիրել է այդ դիրքերին, բայց քանի որ լրատվամիջոցները լավ են աշխատում, դա հնարավոր չեղավ թաքցնել: Եթե չլիներ լրատվամիջոցների լավ աշխատանքը, միգուցե կունենայինք զուտ պաշտոնական տեղեկություն, թե մենք ոչինչ չենք կորցրել:
Բայց քանի որ լրատվամիջոցները հետեւողական էին, «ստիպեցին» իշխանություններին, որպեսզի նրանք ընդունեն, որ մենք կորցրել ենք այդ տարածքները»,- Past.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Հակոբյանը:
Գագիկ Աղբալյան




















































