Նազիկ Ավդալյան. «Հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ»
ОБЩЕСТВОՆորվեգիայի Ֆյորդե քաղաքում ապրիլի 14-ին Եվրոպայի չեմպիոնի կոչումը կանանց մրցաշարի 69 կգ քաշային կարգում վերադարձրած Նազիկ Ավդալյանը շնորհակալություն է հայտնում ընկերներին ու հարազատներին՝ ջերմ մեկնաբանությունների և իրեն ուղղված նամակների համար:Եվրոպայի նորընծա չեմպիոնը «Facebook» սոցիալական կայքի իր էջում իր ուրախությունն է հայտնել գրանցած հաջողության առթիվ:
«Բոլորիցդ շա՜տ շնորհակալ եմ այսպիսի ջերմ մեկնաբանությունների ու նամակների համար: Ինձ համար շատ կարևոր էր այս հաղթանակը: Ուրախ եմ, որ ես էլ իմ ձևով կարողացա ինչ-որ բան անել իմ երկրի համար»,- գրել է Ավդալյանը՝ անդրադառնալով նաև Նորվեգիայում մրցանակային տեղի համար պայքարող հայ մարզիկ-մարզուհիներին:
«Մեր մյուս մասնակիցներին առաջիկա մրցելույթներում ցանկանում եմ հաջողություն, թող որ ոսկե մեդալներով վերադառնան ՀԱՅՐԵՆԻՔ: Հիմա մեր ազգին պետք են հաղթանակներ»,- հավելել է Եվրոպայի չեմպիոնը:
Ավդալյանը չի մոռացել նշել նաև, որ բոլորին շատ է սիրում ու կրկին շնորհակալ է հայությանն ամեն ինչի համար. «Ձեր ամեն մի բարի ու գնահատող խոսքն ինձ շատ է ուրախացնում»:



