Ճամբարակ քաղաքն ապահովվել է նորագույն գյուղտեխնիկայով
ОБЩЕСТВОՃամբարակ քաղաքի նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվը, որի շուրջ միավորվել են գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունները, ՀՀ գյուղնախարարության «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակում ապահովվել են նորագույն գյուղտեխնիկայով, որը ճամբարակցիների հոգսերը կթեթեւացնի ինչպես վարուցանքի, այնպես էլ անասնակերի կուտակման աշխատանքներում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ ՅուրաԱվալյանը, նորաստեղծ կոոպերատիվը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի կողմից այս տարեսկզբին ստացել է նորագույն 5 «Բելառուս-ՄՏԶ-82» անվավոր տրակտորներ, 3 գութան, 4 հակավորող մեխանիզմ, 5 հատ իտալական ձեռքի խոտհնձիչ: «Առաջիկայում ստանալու ենք նաեւ տրակտորին ամրացվող 2 հնձիչ, 2 գութան, 1 խոտհավաքիչ մեխանիզմ: Նորագույն գյուղտեխնիկայի ստացումը մեր սահմանամերձ քաղաք ում մեծապես կխթանի հողագործության ու անասնապահության զարգացմանը: Անելու ենք հնարավորը, որպեսզի վարուցանքի եւ անասնակերի կուտակման աշխատանքներում տնտեսություններին ծառայություններ մատուցվեն գործող գներից ցածր արժեքով: Համոզված եմ, որ էականորեն կավելանան ինչպես մշակովի վարելահողերը, այնպես էլ խոտհարքերի օգտագործվող մակերեսները»,-հավաստեց քաղաքապետը:
Յուրա Ավալյանի ներկայացմամբ՝ 2016 թվականի ապրիլին Ճամբարակի տնտեսություններում հաշվառվել է մոտ 4300 գլուխ խոշոր եւ 3200 գլուխ մանր եղջերավոր անասուն, որը նախորդ տարվա անասնագլխաքանակի համեմատ ավելացել է 8-10 տոկոսով:
Խոսրով Խլղաթյան



