Նաղդալյանը կարևորում է այս օրերին քաղաքական ուժերի և հասարակության միասնականությունը
ОБЩЕСТВОԱզգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարևորում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող թեժ մարտերի ընթացքում հայ հասարակության և քաղաքական ուժերի կոնսոլիդացիան: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ նման միասնականությունը պետք է ոչ միայն ռազմական գործողություններում, այլ նաև բանակցություններում հաջողություն արձանագրելու համար: «Ես ողջունում եմ այն կոնսոլիդացիան, որ մենք ունեցանք այս օրերին: Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը երեկ է վերադարձել Արցախից: Շատ կարևոր էր այս օրերին բոլոր քաղաքական ուժերի համախմբումը իշխանությունների շուրջ»,- նշեց Նաղդալյանը:
Նա հույս հայտնեց, որ շատ կարևոր է, որպեսզի այդ կոնսոլիդացիան պահպանվի և մնացած հարցերում ևս նկատվի այդպիսի միասնականություն թե քաղաքական ուժերի, թե հասարակության մեջ:
Անդրադառնալով «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, թե ոչ ադեկվատ մարդու շուրջ համախմբվել չի կարելի՝ Նաղդալյանն ընդգծեց, որ ծայրահեղական արտահայություններ լինում են բոլոր դեմոկրատական հասարակություններում, սակայն նման մտքեր արտահայտողները շատ համակիրներ չունեն: «Ես կարծում եմ, որ նման արտահայտություններ անում են ընդամենը իրենց ընդգծելու համար, սակայն այդկերպ իրենք իրենց համակիրների թիվը չեն ավելացնում»,- եզրափակեց Նաղդալյանը:



