Գյումրեցի տնօրենը յուրացրել է դպրոցի տանիքի վերանորոգման եւ «ֆոնդի» փողերը
ОБЩЕСТВОՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ տնօրենի կողմից դպրոցի տանիքի համար նախատեսված գումարը հափշտակելու փաստի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Սայաթ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի աշակերտներից հավաքագրված, ինչպես նաեւ դպրոցի բյուջեից շինանյութերի ձեռքբերման պատրվակով ելքագրված 6 միլիոն 516 հազար 850 դրամ գումարը:
Վերոհիշյալ հանցագործության համար դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով, ինչը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Սայաթ Մինասյանը դպրոցի տնօրենի պաշտոնին զուգահեռ, ունեցել է մեկ այլ պաշտոն: Նա Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտում աշխատում է որպես տնտեսական բաժնի վարիչ:
Վերջինս չհեռանալու մասին ստորագրությամբ բաց է թողնվել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



