Հայկական կողմը Արցախի ճանաչման հարցը դնելու է բանակցային գործընթացի հիմքում. Հրանտ Մելիք-Շահնազարյան
ПОЛИТИКАՄիջազգային քաղաքականության օրակարգում Արցախի ճանաչման խնդիրը դառնում է արդիական հարց:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում պատգամավորների ելույթներին:
«Բոլոր նրանք, ովքեր այս հակամարտության մեջ անձնական շահ չեն հետապնդում և հանդես են գալիս առաջարկով, որպես ելք տեսնում են Արցախի անկախության ճանաչումը, Ադրբեջանի ագրեսիայի դատապարտումը կամ հակառակը` սկզբում ագրեսիայի դատապարտումը, հետո Արցախի ճանաչումը: Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը, որը կողմնակի դիտորդի մակարդակով հասկացել է բախման և սպառնալիքի էությունը, փորձում է ազդել հենց այդ սպառնալիքը չեզոքացնելու վրա: Երկրորդը Արցախի միջազգային ճանաչման անհրաժեշտության հարցն է: Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննարկ ումներից պարզ դարձավ, որ փորձագիտական և քաղաքական շրջանակներում այդ հարցը հասունացել է»,-ասաց քաղաքագետը: Նրա խոսքով՝ Արցախի անվտանգությունը երաշխիք է ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար: Այդ տեսանկյունից Արցախը կարևոր դերակատարություն է ստանձնում:
Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի` ակնհայտ է, որ հայկական կողմը բանակցային գործընթացում իր դիրքորոշումը փոխելու է: «Անգամ չեմ բացառում, որ Արցախի ճանաչման գործընթաց նախաձեռնվի: Դրա մասին հայտարարեց երկրի ղեկավարը, և տեսնում ենք, որ Հայաստանում այդ հարցի հետ կապված կոնսոլիդացիա կա: Լևոն Տեր- Պետրոսյանը, նույնպես խոսեց այդ մասին` նշելով, որ գործընթացը չպետք է լինի շտապողական, լավ հաշվարկի անհրաժեշտություն կա: Այնպես որ, պահանջատիրություն կա, անհրաժեշտությունը հասունացել է, և վստահ եմ, որ հայկական կողմը Արցախի ճանաչման հարցը դնելու է բանակցային գործընթացի հիմքում, եթե, իհարկե, գործը հասնի բանակցություններին»,-հավելեց քաղաքագետը:



