74 թեկնածուներից 14-ն ինքնաբացարկ է հայտնել
ПОЛИТИКАԱպրիլի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայության՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 36 համայնքում: Նշված համայնքներից 30-ում տեղի կունենան միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, երեքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, եւս երեքում` միաժամանակ եւ՛ համայնքի ղեկավարի, եւ՛ ավագանու անդամի ընտրություններ:
Երեկ՝ ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 74 քաղաքացի, որոնցից 14-ը, սակայն, ինքնաբացարկ էր հայտարարել:
Ի սկզբանե, ավագանու անդամի թեկնածուները 67-ն էին, որից երեքը ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել:
Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերոհիշյալ համայնքներից միասին կմասնակցեն համայնքի ղեկավարի 60 եւ ավագանու անդամի 64 թեկնածու: Ապրիլի 17-ի ՏԻՄ հերթական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է հինգ տեղական հասարակական կազմակերպության թվով 113 դիտորդ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



