Կարեւորը լույսն է, որ հոգում է
КУЛЬТУРА
Այսօր Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ Գարիկ Միքայելյանի «Ճանապարհ դեպի լույս» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին ներկայացվեց ավելի քան 30 աշխատանք: Երիտասարդ արվեստագետի նկարներին հնարավոր կլինի ծանոթանալ մինչեւ ապրիլի 17-ը: Երիտասարդը նկարչությամբ սկսել է զբաղվել 2010 թվականից: Նրա առանձնահատկությունն այն է, որ նկարում է ոտքով եւ պրոթեզներով: Սա թույլ է տալիս մտածել, որ մարդ ցանկացած իրավիճակում կարող է եւ պետք է իր սիրելի զբաղմունքն ու աշխատանքն ունենա: Եվ երիտասարդ նկարիչը շատերի համար որպես մեծ կամքի ուժի տեր մարդու օրինակ կարող է ծառայել:
Գերմանիայում վիրահատվելուց հետո Գարիկն սկսել է նկարել ձեռքի պրոթեզներով: Ներկայացնենք Գարիկի հետ մեր փոքրիկ հարցազրույցը:
- Ի՞նչ խորհուրդ ունի այս ցուցահանդեսի անվանումը՝ «Ճանապարհ դեպի լույս»:
- Դա իմ առաջին նկարի անվանումն է, որը ես նկարել եմ միայն ոտքով:
- Ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Մտքերն են, այն ամենը, ինչը շրջապատում է ինձ, ցանկացած բան, որ կարող է հետաքրքրել:
- Նկարներ ստեղծելիս հետեւո՞ւմ ենք ինչ-որ ոճի:
- Ընդհանրապես, կոնկրետ ինչ-որ ոճի մեջ չեմ նկարում: Կտավի վրա կարող եմ պատկերել պարզապես ծաղիկ կամ ճանապարհ:
- Միջինը որքա՞ն ժամանակ է հարկավոր նկարն ավարտին հասցնելու համար:
- Կարող է պատահել, որ մեկ կամ մի քանի օրում նկարեմ, բայց լինում է եւ ավելի երկար, օրինակ՝ մեկ տարի:
Նշենք, որ ցուցահանդեսի հյուրերն էին Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Մատուլյանը, նկարիչների միջազգային միության անդամ, անվանի գեղանկարիչ Սուրեն Խորենյանը, ՀՀ նկարիչների միության անդամ, նկարիչ Արթուր Հովհաննիսյանը, նկարիչ, արվեստագետ Վարուժան Ավագյանը, նկարիչ, քանդակագործ Մայա Ավագյանը, ՀՀ նկարիչների միության անդամ, նկարիչ Հասմիկ Ավետիսյանը, նկարչուհի, երաժիշտ Անի Հովակը եւ այլք:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան




















































