Ֆիլհարմոնիկը եւ օպերային թատրոնը՝ Արցախի համար
КУЛЬТУРА
Ապրիլի 9-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա բացօթյա համերգով՝ նպատակ ունենալով այդ կերպ աջակցել հայ զինվորին: Կազմակերպիչները որոշել են բեմահարթակի մոտ հատուկ արկղեր տեղադրել, որտեղ համերգի ընթացքում հավաքված գումարը կհատկացվի Արցախին:
Համերգը կկայանա կիրակի՝ ժ. 19.00-ին, Կասկադ համալիրի հարեւանությամբ: Համերգի բեմահարթակի մոտ տեղադրված կլինեն արկղեր, որոնց մեջ հավաքվելիք գումարը համապատասխան կառույցների վերահսկողությամբ կտրամադրվի 4-օրյա պատերազմից տուժած ազգաբնակչության, վիրավոր զինվորների եւ ավերված տարածքների վերականգնման կարիքները հոգալուն: Շուրջ երեք ժամ Ֆիլհարմոնիկի հետ բեմում կլինեն Ազգային ակադեմիական երգչախումբը եւ Արա Գեւորգյանի ժողգործիքների խմբի երաժիշտները: Ծրագիրը կներառի գերազանցապես հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաեւ հայրենասիրական երգեր ու Արա Գեւորգյանի հայտնի մշակումները: Ոգեշնչող ելույթներով հանդես կգան մշակույթի հայտնի գործիչներ:
Նույն օրը համերգից գոյացած հասույթը Արցախին կուղղի նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: Թատրոնի տարածած հայտարարության համաձայն՝ Ադանի «Ժիզել» բալետային ներկայացման տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Արցախի բնակչությանը` առաջնային կարիքները հոգալու նպատակով:
Գագիկ Աղբալյան




















































