Մեր հերոսն է. Մասիսում տեղի ունեցավ Արցախում զոհված 20-ամյա Աղասիի հոգեհանգիստը (լուսանկար,տեսանյութ)
ВИДЕОNews.am-ը գրում է.
Մասիս քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցում այսօր` ապրիլի 5-ին, տեղի ունեցավ Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Աղասի Ասատրյանի հոգեհանգստի արարողությունը:
Աղասիի մանկության ընկերը` Մարատ Իսկանդարյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ նա վերջերս Գումարտակի մարտական զորավարժություններին լավագույն հրաձիգ էր ճանաչվել: «Մրցումների էր մասնակցել կրակային, առաջին տեղն էր գրավել, մեդալ էին տվել»,-ասաց նա:
Մարատը նշեց, որ Աղասիի հետ վերջին անգամ մարտի 29-ին էր խոսել, ընկերն ասել էր, որ որեւէ լարվածություն չկա, ծառայությունից գոհ է:
«Պոստեր էր բարձրանում, պիտի իջներ ու արձակուրդ գար»,-ասաց նա` հավելելով, որ ընկերը երկու ամսից կզորացրվեր:
Աղասիի մանկության ընկերը մինչեւ հիմա չի հավատում, որ իր ընկերն այլեւս չկա: «Մինչեւ հիմա էլ ինձ թվում է, թե հունիսը գալու է, գա տուն, կամ ամեն րոպե զանգի»,-ասաց զոհված զինծառայողի ընկերը։
NEWS.am-ի հետ զրույցում Աղասի Ասատրյանի մորեղբայր Կարեն Գրիգորյանը նշեց, որ քրոջորդին հպարտությամբ է ծառայել բանակում եւ հերոսաբար զոհվել:
Աղասիի մորեղբայրն էլ նրա հետ մարտի 28-ին էր խոսել, տրամադրությունը բարձր է եղել:
«28-ին զանգեց ասեց` պոստ եմ գնում: Տրամադրությունը շատ լավ էր, ուրախ էր: Մեր հերոսն է, երբեք չի բողոքել, կամ դժգոհել ծառայությունից, հպարտությամբ էր ծառայում»,-ասաց Կարեն Գրիգորյանը։
Նշենք, որ Աղասի Ասատրյանը Մասիս քաղաքից էր, ապրում էր ծնողների եւ երկու քույրերի հետ: Սովորել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջում:



